Ամերիկահայ ռոք երաժիշտ, SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում, միացավ ապրիլի սկզբից սկսված հեղափոխական շարժմանը:
Ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկոյան ժամը 20։05-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանին, որի հետ միասին, քաղաքացիների ուղեկցությամբ, ուղևորվեցին Հանրապետության Հրապարակ։ Ճանապարհի մի մասը նրանք անցան ոտքով՝ ընթացքում Փաշինյանի ու Թանկյանի դիմանկարներով երկու տորթ կտրելով ու Արգավանդի բնակիչների հետ բաժակ բարձրացնելով։
«Այս հեղափոխության միտքը եղավ ընդդիմադրությունը, իսկ սիրտը՝ սերը: Սիրո այս ուժն էր, որ հաղթեց բացասական ուժերին, բայց դուք նախ՝ հաղթահարեցիք ձեր վախը՝ միասնության մեջ գտնելով ձեր ուժը: Աշխարհը, տարիներ շարունակ, մեզ ճանաչում էր ցեղասպանությամբ, երկրաշարժով և պատերազմով, բայց այժմ՝ այս շարժումով, դուք բարձրացրիք մեր հայ ժողովրդի վարկանիշը», – ասաց Սերժ Թանկյանը՝ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում:
Նա շնորհակալություն հայտնեց ժողովրդին, որ «կարողացավ, խաղաղ ցույցերով, ստեղծել հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք»:
«Հիմա արդեն ողջ աշխարհը ձեզ է նայում՝ իբրև դրական օրինակ. երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին: Ես՝ ձեր նման, տարիներով երազում էի այս օրվա մասին և լիովին հպարտանում եմ՝ ձեր կողքին կանգնելով: Տարիներով ինձ ասում էին՝ Սերժ, արի Հայաստան, և հարյուրհազարավոր ժողովուրդ կհետևի քեզ: Իմ պատասխանը միշտ նույնն էր՝ երբ հայ ժողովուրդը պատրաստ լինի կանգնելու, ոչ Սերժ Թանկյանի կարիքը կունենա, ոչ էլ այլ անձերի, քանի որ պատրաստակամ պիտի լինի պայքարելու անձնական և ազգային բոլոր իրավունքների ճակատներում»,- ասաց նա:
Երաժիշտը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին, որ կարողացան ժողովրդի զայրույթն ու հուսահատությունը վերածել դրական և արդյունավետ պայքարի:
«Հիմա պետք է սկսվի համբերության ժամանակը, գործը նոր է սկսվելու: Պետք է շարունակենք մեր պայքարը՝ բարեփոխումներով և ներդրումներով, քանի որ արդարության ճամփան մի քանի հաղթանակով չի կերտվում», – ասաց Թանկյանը:
Ելույթից հետո երաժիշտը հրապարակում հավաքվածների հետ «Բարի արագիլ» երգից մի հատված երգեց:
Այնուհետև ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը և ժողովրդին կոչ արեց մայիսի 8-ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության օրը, ժամը 11:00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:
«Ես արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու են ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների և ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ: Այսինքն, ունենք 95% հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ», – հայտարարեց նա:
Վաղը (մայիսի 9-ին) դասադուլ և գործադուլ չենք անում, վաղը ես հայտարարում եմ ոչ աշխատանքային օր: Եւ ուրեմն՝ սա Հայաստանի քաղաքացու, հայ ժողովրդի հաղթանակի, ազգային միասնության ժամն է: Սա Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի աստղային ժամն է: Վաղը հավաքվում ենք դարակազմիկ հաղթանակը նշելու», – ասաց նա:
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին առաջարկեց ևս մեկ անգամ ողջունել Սերժ Թանկյանին. «Ճանապարհին ես նրան համոզում էի մշտական բնակության տեղափոխվել Հայաստան և նա խոստացավ, որ կմտածի այդ մասին»:
Աղունիկ Այվազյան