Վաղը «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրելու, – հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ակնկալվում է, որ վաղը կգումարվի քաղաքական խորհուրդը, եւ կառաջադրվի վարչապետի թեկնածու: Վաղը որոշում կկայացվի», – նշել է Կոբախիձեն:
Այսօր հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այդ մասին նա հայտարարել է կառավարության վարչությունում կայացած հատուկ ճեպազրույցում:
«Երեկ Նիկա Մելիայի համար դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը: Սա մի մարդ է, որը երբևէ մեծապես չի հարգել վրացական օրենսդրությունը, և սա մի մարդ է, ով կոչ է արել մեր քաղաքացիներին հունիսի 20-ին գրոհել խորհրդարան և եղել է խորհրդարան ներխուժման կազմակերպիչներից մեկը: Չնայած այս ամենին, իմ բացարձակ անսասան դիրքորոշումն այն է, որ մի անձի նկատմամբ անընդունելի է նույնիսկ օրինական արդարադատությամբ սահմանված միջոց կիրառելը, եթե դա վտանգի տակ է դնում առհասարակ երկրում մեր քաղաքացիների առողջությունը, կյանքը կամ քաղաքական սրումը:
Ելնելով այն փաստից, որ ես, ցավոք, չկարողացա ընդհանուր կարծիքի հասնել իմ թիմի հետ այս հարցում, ես որոշեցի հրաժարվել իմ պաշտոնից: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական տարածքում, քանի որ ես համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը մեր երկրի հետագա տնտեսական զարգացման և բոլոր տիպի ճգնաժամերը հաղթահարելու ամենամեծ ռիսկն է», – ասել է Գիորգի Գախարիան: