Գյուղատնտեսական հողերի անվճար գրանցումը շարունակվում է, բայց աերոնկարահանումը դարձել է վճարովի։
2016 թվականից գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցումն անվճար է։ Հողի սեփականության մասին տեղեկանքը արխիվից նույնպես անվճար է, կարիք չկա գնալ արխիվ, հանրային ռեեստրի աշխատակիցները տեղում հարցում կկատարեն արխիվ և կստանան համապատասխան փաստաթուղթը:
Վերջերս բնակիչների կողմից բողոք ստացանք, որ հողերի աերոնկարահանումը միայն Ախալքալաքում է վճարովի։
«Գնում ենք Ասպինձա՝ անվճար է, այնտեղից այս կողմ սկսում ենք վճարումներ կատարել, ինչ է, հատուկ է մեր քաղաքը», – ասաց Անուշը։
Ախալքալաքի քաղաքապետարանի իրավաբանական բաժնից տեղեկացանք, որ հիմա աերոնկարահանումն արդեն վճարովի է։
«Ծրագիրը երկու տարով էր, պետությունը հովանավորում էր և աերոնկարահանումը, և գրանցումը։ Հիմա աերոնկարահանումը վճարովի է։ Իսկ այն մարդիկ, ովքեր նույն հողը երկրորդ անգամ են ուզում գրանցել, այդ դեպքում գրանցման համար պետք է վճարեն 50 լարի։ Ներկա դրությամբ մոտավոր 1200-1250 հա հողատարածքի ստուգում ենք անցկացրել։ Մենք ունենք մունիցիպալիտետի ներկայացուցիչ, ում հետ էլ անցկացնում ենք ստուգումները, որպեսզի պարզենք աերոնկարահանումը համապատասխանում է այն հողատարածքին, որի փաստաթուղթը մեզ ներկայացնում են», – ասաց իրավաբանական բաժնի պետ Վրեժ Բերիկյանը։
Յուրաքանչյուր անձ պետք է ունենա հողի հանձնման-ընդունման ակտ կամ USAID փաստաթուղթը, քանզի հնարավոր է, որ Հանրային ռեեստրը արխիվից ստանա այնպիսի փաստաթուղթ, որում հողատարածքի այլ չափագրումներ լինեն։ Եթե անձը հողի սեփականությունը հաստատող փաստաթուղթ չներկայացնի, ապա հողի սեփականաշնորհում չի կատարվի։
Գայանե Ակոջյան