Հայ-վրացական ներկայիս հարաբերությունների, դրանցում առկա դրական և բացասական երևույթների, հնարավոր քայլերի և այլնի մասին զրուցեցինք Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանի հետ։
-Ինչպես կգնահատեք հայ – վրացական ներկայիս հարաբերությունները։
Այս պահին իմ կարծիքով և միջպետական հարաբերությունները, և ընդհանրապես հասարակությունների միջև հարաբերությունները բավականին դրական փուլում են գտնվում։ Դա պայմանավորված է մի քանի տարբեր, բայց իրար հետ կապված գործոններով։ Առաջինը և ամենակարևորը պատմական և աշխարհագրական փաստն է, այսինքն ՝ ժողովուրդներ, որ հազարամյակների ընթացքում ապրել և պայքարել են միասին և գրեթե խնդիրներ չեն ունեցել։ Նույնիսկ Կովկասի տարածաշրջանում մյուս ժողովուրդների հետ համեմատած՝ այս հարաբերություններում խնդրների միայն դրվագներ են եղել։ Երկրորդ, կարևոր հանգամանքն այն է, որ մենք ունենք բավականին կայուն հարաբերություններ արդեն այս նորագույն շրջանում, այսինքն՝ հետխորհրդային շրջանում։ Այսօր կան մի քանի խնդիրներ, որոնք դեռ զգայուն են ընկալվում։ Առաջինը՝ Ջավախքի խնդիրն է, ապա թիֆլիսահայության և ընդհանրապես Վրաստանում ապրող հայ ազգային ինքնության և կրոնական փոքրամասնության, այսինքն՝ լեզվի, կրթության և եկեղեցիների կարգավիճակի խնդիրներն են։ Մեկ այլ խնդիր է , որ այսօր Հայաստանը և Վրաստանը ունեն տարբեր աշխարհագրական վեկտորներ, այսինքն՝ խնդիրներ հարևան այլ երկների հետ։ Վրաստանի դեպքում դա Ռուսաստանն է, ինչպես նաև Աբխազիայում և Օսեթիայում կոնֆլիկտներ, որոնք նույնպես այդ խնդրի շրջանակներում են և Հայաստանի դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները։ Սրանք ստեղծում են սահմանափակումներ, բայց մյուս կողմից տալիս են նոր հնարավորություններ համագործակցության համար։
-Ի՞նչ ազդեցություն ունեն հայ-վրացական հարաբերությունները կոնկրետ Ջավախքի և ջավախահայության վրա։
Առաջին հերթին պետք է հասկանանք, որ թե´ Հայաստանի և թե´ Վրաստանի համար այն փաստը, որ Ջավախքը իրենից ներկայացնում է մի աշխարհագրական վայր, որտեղ ապրում է բացարձակ մեծամասնություն կազմող, կուռ ազգային փոքրամասնություն՝ հայեր, մոտավորապես 150 հազար, ավելի քան 100 հազարը Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում, ապա սա ինքնին ընկալվում է որպես աշխարհաքաղաքական խնդիր։ Սա նաև նույն ձևով է ընկալվում ոչ միայն հայերի և վրացիների, այլ նաև թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների և այլ չորրորդ, հինգերորդ ուժերի կողմից։ Դա փաստ է։ Այսօր ամենակարևորը, ըստ իս, Վրաստանի ներկայիս իշխանությունների առումով այն է, որ նրանք փորձում են խուսափել նախորդ իշխանությունների սխալներից և լուծել հարցեր, որոնք ուղղված են ջավախահայության ինտեգրմանը և նոր հնարավորություններ ստեղծելուն։ Լեզվի խնդիրը Վրաստանը ի վիճակի չի լինի լուծել ևս մեկ կամ երկու սերնդի կտրվածքով։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ջավախքը կլինի ոչ թե կռվախնձոր կամ ջրբաժան, այլ կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև, այսինքն՝ գնալու ենք այդ ճանապարհով և լուծելու ենք այդ խնդիրները, որոնք իրոք լուրջ խնդիրներ են։
Նմանատիպ խնդիրներից են կրթական խնդիրները, տեղական ինքնակառավարման և սոցիալական ոլորտներում առկա խնդիրները, բայց ամենակարևորն այն է, որ վրացական իշխանությունները հասկանում են, որ ոչ թե պետք է այդ գործընթացը արագացնել, այլ ավելի մեծ էֆեկտիվությամբ և կամաց-կամաց, կայուն մակարդակով գնալ առաջ։
-Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի առկայությունը կոնկրետ ջավախքցիների վրա։
Ինչպես գիտենք այդ շինարարությունը տեղի է ունենում Ադրբեջանի ծրագրի շրջանակներում և առաջին բանը, որ նկատվում է՝ տեղի բնակչությունը, ջավախահայերը այդ աշխատանքին մինիմալ ներգրավվածություն ունեն։ Չեմ կարող ասել, դա Ադրբեջանի պահանջն է, թե ուղղակի ստացվեց։ Բայց դրա գործարկվելուց հետո գոնե տրամաբանական կլինի, եթե ջավախքցիների ներկայությունը նկատվի։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ աշխարհաքաղաքական գործոնը իր դերը խաղում է այստեղ։
Մյուս կողմից նաև ջավախահայության առումով ոչ դրական է ընկալվում այն հանգամանքը, որ այդ ճանապարհը փաստացի շրջանցում է Հայաստան երկիրը, որը ջավախքցիների համար պատմական հայրենիք է։ Բայց, վերջնական պատկերացում կարող ենք կազմել այն դեպքում, երբ այդ երկաթգիծը սկսի աշխատել և պարզ կլինի, թե ինչ ձևով կազդի ջավախահայությանը և տարածաշրջանին։
-Իսկ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հայ-վրացական հարաբերություններում։
Պետք է նշեմ, որ նույնիսկ տարբեր աշխարհաքաղաքական կամ քաղաքական մոտեցումները ստեղծում են նոր իրավիճակ, նոր խնդիրներ, բայց միևնույն ժամանակ նոր հնարավորություններ։ Չնայած կան խնդիրներ, որոնք կմնան մարդկանց ընկալման մեջ։ Վրաստանում մասսայական ընկալումը Հայաստանի կամ հայերի վերաբերյալ կապված է ռուսական գործոնի հետ, այն է․ ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանի տարածքում, ինչպես նաև այն, որ վերջինս Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Հակառակ ընկալումը կա նաև հայերի և Հայաստանի կողմից դեպի Վրաստան՝ կապված վերջինիս հարաբերությունները Ադրբեջանի և Թուքիայի հետ, ինչպես նաև, որ կառուցվում է Կարս- Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որը շրջանցում է Հայաստանը և այլն։ Այս բոլոր խնդիրները կմնան, բայց կարևորն այն է, որ անկախանալուց հետո և´ Հայաստանը, և´ Վրաստանը, ինչպես նաև հասարակությունները և քաղաքական էլիտաները հասկացել են այս խնդիրների նրբությունը և փորձում են փոխադարձ բանակցությունների և համագործակցության միջոցով այդ հարցերը եթե ոչ լուծել, ապա գոնե մեղմացնել և գտնել ընդհանուր և ընդունելի տարբերակ։
-Հայաստանը և Վրաստանը առանձին-առանձին ի՞նչ քայլեր պետք է անեն ի վերջո կայուն և հաստատուն հարաբերություններ հաստատելու համար։
Կարծում եմ, որ և´ Հայաստանը, և´ Վրաստանը պիտի առավելագույն ձևով խուսափեն, որ ինչ-որ երրորդ ուժ կամ երրորդ պետություն միջամտի և օգտագործի կամ Հայաստանին Վրաստանի դեմ, կամ ընդհակառակը։ Այսինքն՝ Վրաստանը պետք է հասկանա, որ անթույլատրելի է օգտագործել իր հանգամանքը, որ ավելի մեծացնի Հայաստանի տնտեսական շրջափակումը, իսկ Հայաստանն էլ իր հերթին պետք է զգայուն լինի, որ թույլ չտա իրեն ներգրավել Վրաստանի դեմ ինչ-որ քայլերի մեջ։
Ջավախքի հարցում նույնպես Հայաստանի իշխանությունը պետք է զգոն լինի և փորձի օգտագործել, այսպես ասած իր հեղինակությունը, տեղի բնակչության վրա, որպեսզի կանխի յուրաքանչյուր երրորդ ուժի «սպեկուլացիաները» այդ հիմնախնդիրներում։
Վրաստանի կենտրոնական իշխանությունները պիտի նաև փորձեն ավելի լավ հասկանալ այն խնդիրները՝ լեզվական, կրոնական և այլն, ինչպես նաև այն պահանջները, որ ունի տեղի բնակչությունը, քանի որ դրանք լիովին համընկնում են Վրաստանի վրա վերցրած պարտավորությունների հետ՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի առջև։ Այսինքն այն ինչ պահանջում են ազգային փոքրամասնությունները, այդ թվում հայերը Վրաստանում, լիովին բխում է այն պրակտիկայից, որը օգտագործվում է Եվրոպական երկրներում ազգային փոքրամասնությունների քաղաքական, հասարակական, լեզվական, կրոնական իրավունքները պահպանելու համար։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանում չափազանց զգայուն են այս հարցերի վերաբերյալ, ունենալով աբխազական, հարավօսական օրինակներ, բայց նաև կարծում ենք, որ իշխանությունները պետք է ըմբռնումով մոտենան իրենց քաղաքացիներին, ովքեր որևէ ձևով չեն վնասում և հակասում Վրաստանի պետականության և ռազմավարական շահերին։
Անուշիկ Ստամբոլցյան