Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ «Իմ քայլը» շարժման հանրահավաքը, որին մասնակցեցին հազարավոր քաղաքացիներ։

qayl4

Օրվա ընթացքում ընդդիմադիրները փակել են բազմաթիվ փողոցներ և փորձել են պառալիզացնել պետհիմնարկների աշխատանքը՝ բողոքելով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ։

qayl8

Երեկոյան ընդդիմության համակիրները հավաքվեցին հրապարակում:

qayl ara

Նիկոլ Փաշինյանը հրապարակից դիմեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին․ «Մենք լցրել ենք այս հրապարակը, որը վերջին անգամ այսքան լիքը եղել է SOAD համերգի ժամանակ։ Եվ ես ուզում եմ հիմա դիմել Սերժ Թանկյանին՝ Սերժ, ահա այդ նույն ժողովուրդը կանգնած է այս հրապարակում։ Դու պարտավոր ես գալ Երևան և կանգնել այս ժողովրդի թիկունքին»։

qayl7

«Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, և դուք եք կերտել այս օրը: Ընդ որում՝ այս հանրահավաքի մասին հայտարարվել է ընդամենը 5-6 ժամ առաջ: Հանրապետության ամենամեծ հրապարակը լեփլեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այս զարթոնքը պիտի փոխի Հայաստանի ապագան»:

qayl9

Ընդդիմության առաջնորդը հրապարակի հարթակից հայտարարեց, որ այս շարժումն առաջնորդ չունի. «առաջնորդը դու ես, դու ես, դու ես»,- մատնացույց անելով հավաքվածներից յուրաքանչյուրին նշեց Նիկոլ Փաշինյանը:

qayl3

Միաժամանակ հավելելով, որ վստահությամբ կարող է նշել՝ Հայաստանում առանց բռնության թավշյա հեղափոխությունն սկսված է:
Հանրահավաքից հետո ընդդիմությունը երթի է դուրս եկել քաղաքի կենտրոնական փողոցներում: Փաշինյանը նշում է, որ շարժումը մոտակա օրերին կսկսի ձևակերպել «թավշյա հեղափոխական» կոմիտեներ, նաև՝ մարզերում, որոնք կհամակարգեն բնակավայրերում պետական գերատեսչությունների շրջափակումը։

qayl5

Նշենք, որ Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար: Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը:

«Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով: Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ», – ասել է Արմեն Սարգսյանը:

qayl2

Քրիստինե Մարաբյան