Նախկին առաջին զիվորական քաղաքի պատի փլուզումից հետո վնասված գազամուղը վերականգնվել է, սակայն փլուզման պատճառը և պատի վերականգնման կամ քանդելու հարցը դեռևս անորոշ է:
Ապրիլի 7-ի գիշերը նախկին զինվորական ավանը քաղաքից առանձնացնող պատը փլվեց: Արդյունքում, վնասվեց գազամուղը և ժամանակավոր դադարեցվեց գազամատակարարումը զինվորական քաղաքի մի մասում և Չամդուրա, Մուրջախեթ և Վաչիան գյուղերում:
«Գազի խողովակները ընկան գետնին քարերի ճնշման տակ, տեղի ունեցավ գազի արտահոսք: Փլուզվեց մոտ 40-50 մ պատ: Մենք նույն օրը վթարը վերացրեցինք և արդեն կեսօրին (ապրիլի 7-ին) ժամը 14:00-ին գազի մատակարարումը վերականգնվեց», – ասաց SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:
Տեղական իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել փլված պատի հետ կապված հետագա գործողությունների մասին, այստեղ սպասում են ՆԳՆ հետաքննության արդյունքներին:
«Օրերս մենք որոշում կկայացնենք: Կամ կքանդենք, կամ կվերականգնենք: Սակայն պատի քանդումը կարող է պատերի մոտ գտնվող շինությունների սեփականատերերի հետ խնդրիրներ առաջացնել», – ասում է փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը:
Ներքին գործերի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ պատի փլուզման հետ կապված ընթանում է հետաքննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է «Անզգուշությամբ վնասել կամ ոչնչացնել ուրիշի իրերը, նշանակալի վնաս պատճառելով»: Այս հանցանքը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով, մեկ տարի ժամկետով կամ ազատազրկմամբ, առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սակայն, պետք է նշել, որ տեղի բնակիչները և պաշտոնյա անձինք հակված են այն տարբերակին, որ պատը փլուզվել է վթարային լինելու պատճառով: Պատի հիմքերը մշտապես խոնավության մեջ են գտնվում:
Շուշան Շիրինյան