Ապրիլի 10-ին Նինոծմինդայի Սակրեբուլոյում տեղի ունեցավ հանդիպում բոլոր պաշտոնյաների հետ, որտեղ քննարկվեց Վրաստանի պետական աուդիտի զեկույցը 2015-2016 թթ.-ին շրջանի Գամգեոբայի կողմից կատարված աշխատանքներում խախտումների և թերությունների մասին:
Ինչպես հաղորդում է ռադիո ՆՈՐ-ը, Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոն տարբեր մակարդակներով տարբեր քննարկումներ է անցկացնում և իրականացնում խախտումների ուղղման և Աուդիտի ծառայության զեկույցում նշված թերությունների վերացման: Բոլոր հանձնաժողովները և խմբակցությունները պետք է մանրամասն ուսումնասիրեն 2017թ.-ի ֆինանսական հաշվետվությունը և մանրամասն ներկայացնեն վերջնական արդյունքը բյուրոյում և ապրիլին վերջին Սակրեբուլոյի նիստի ժամանակ: Եթե խախտումներ հայտնաբերվեն, ապա այդ խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ:
Պետական աուդիտի ծառայությունը տեղական իշխանություններին կոչ է անում ուշադրություն դարձնել տենդեր-մրցույթների անցկացման թափանցիկությանը և մրցակցային պայմանների ապահովմանը: Սակրելբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանի խոսքերով, բոլոր գումարները պետք է վերահսկվեն և ծախսվեն ըստ սահմանված նպատակների:
«Հիմա այդ հարցերը շատ լուրջ է դրված: Որպես Սակրելբուլոյի նախագահ և հանրային աշխատող, ես նկատի ունեմ, որ մեր պետությունը մինչ մեզ ֆինանսավորում տրամադրելը, ֆիքսում է, թե ինչ նպատակով պետք է ծախսվեն այդ գումարները: Եվ մենք պետք է հետևողական լինենք այդ փողի վերաբերյալ և բացի այդ մենք պետք է պատիժ կիրառենք: Ես միշտ կողմ եմ նրան, որ հասարակությունը պետք է ընդգրկված լինի, որ նրանք էլ ակտիվ լինեն, մենք կարող ենք խախտումները քննարկել բոլորի հետ ու այսօրվա հանդիպման նպատակն է, որ բոլոր ծառայություններն ու խմբակցությունները կրկին հիմնավոր կերպով վերանայեն 2017 թ.-ի հաշվետվությունը», – ասաց Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը: