Ախալքալաքից ընդամենը 8,5 կմ հեռավորության վրա գտնվող Պտենա գյուղում մինչև օրս բնական գազ չունեն, չնայած նրան, որ պետական ծրագրով գյուղը գազաֆիկացվել է: Գյուղ տանող ճանապարհը քարուքանդ վիճակում է: Պտենայում ասում են՝ եթե ճանապարհները չկառուցեն, գյուղն իրականում չգազաֆիկացնեն, ապա իրենք կհեռանան այստեղից: Արդեն անհնար է այդպես ապրել:

Պտենան մոտ 300 բնակիչ ունի, հիմնականում տարեցներն են, առաջին իսկ հնարավորության դեպքում երիտասարդները լքում են գյուղը: Ասում են՝ եթե գյուղին մի քիչ ուշադրություն դարձնեն, ապա երիտասարդները նույնպես կմնան գյուղում:

Գյուղացիները երկու կարևոր խնդիր են նշում՝ ճանապարհ և բնական գազ։

«Ճանապարհ չունենք, գազ չունենք, մեր գյուղի հիմնական և գլխավոր խնդիրները սրանք են։ Գազի նախագիծը կար, Չունչխայի մոտ խողովակները փորեցին, տեղադրեցին, բայց այդպես էլ կիսատ մնաց: Իսկ, թե ճանապարհը ե՞րբ են վերանորոգելու չեմ կարող ասել, անկեղծ ասած՝ այնքան ասացին, որ կսարքեն, արդեն ծերացա», – ասաց Պտենա գյուղի բնակիչ Ավթանդիլ Մելիքիձեն։

chanaparh

Պտենա գյուղի բնակիչներն ասում են, որ 5 տարի առաջ իրենց գյուղի ճանապարհն ասֆալտապելու նախագիծ է եղել, որ այդպես էլ իրականություն չի դարձել:

«Ասֆալտը Դիլիսկկա գյուղից հետո չի շարունակվում։ 5 տարի ասում են նախագիծ կա, բայց չեն սարքում: Գազն էլ բերեցին Ասպինձայից այստեղ հասցրեցին և ասում են՝ գիծն ավարտված է ու պատրաստ, բայց երեք տարի է գազը գյուղ չի հասնում», – ասաց Պտենայի բնակիչ Դավիթ Խորվանիձեն։

gazi khoghovak

Քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է. – «Դիմել ենք համապատասխան նախարարություն և ստացել պատասխան, որ մեր դիմումն ընդունվել է և մոտակա ժամանակահատվածում դրական լուծում կստանա: Թե կոնկրետ երբ կլինի ես չեմ կարող ասել: Ամենակարևորն այն է, որ այդքան աշխատանք արված է, գազը հասցվել է մինչև, մնում է միայն միացնել»։

Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ Պտենա գյուղի ճանապարհի բետոնավորման նախագիծը պատրաստ է, որը նախատեսվում է սկսել եկող տարի, այս տարի ֆինանասական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չեն կարող սկսվել։

Այս գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Կան այնպիսինները, ովքեր ապրում են Ախալքալաքում, սակայն գյուղում էլի հող են մշակում, կարտոֆիլ ու հացահատիկ ցանում։ Գյուղացիներն ասում են, եթե այսպես շարունակվի գյուղատնտեսությամբ էլ չեն զբաղվի, ամեն ինչ թանկացել է։

tuq, hort, ptena

«Եթե ճանապարհն ասֆալտապատեն, այն մարդիկ, ովքեր քաղաքում են աշխատում, չեն գնա քաղաք ապրելու, գոնե մի քիչ հարմարավետություն ստեղծեն, մարիդկ գյուղից չհեռանան», – ասաց Ավթանդիլ Մելիքիձեն։

Բնակիչներն ասում են, եթե գյուղում նորմալ պայմաններ լինի, ապա երիտասարդները չեն գնա ուրիշ քաղաքներ ապրելու։ Գյուղից երիտասարդները հիմնականում գնում են Ախալքալաք, Թբիլիսի, Բաթումի և այլ մեծ քաղաքներ։

Erexaner ptena

Խնդիրները թվարկելուց գյուղացիները չեն մոռանում հպարտությամբ նշել, որ իրենց գյուղը նորակառույց դպրոց ու մանկապարտեզ ունի։ Պտենա գյուղի 9-ամյա դպրոցում 33 աշակերտ է սովորում, 9-րդ դասարանն ավարտելուց հետո նրանք հաճախում են հարևան՝ Չունչխա գյուղի հանրային դպրոց։

stadion

dproc ptena
Պտենա գյուղի դպրոցը

Հիշեցնենք, որ կառավարության 2019 թվականի ապրիլի 5-ի №791 որոշման համաձայն, շրջանների գազիֆիկացման, եռամյա 2019-2021 թթ.-ի ծրագրում, ընդգրկվել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա և Չունչխա գյուղերը։

Պետությունն այս ծրագրի շրջանակներում գազատար է անցկացրել Ասպինձայի մունիցիպալիտետից դեպի Չունչխա և Պտենա գյուղեր։ Բաշխիչ ցանցով պետք է զբաղվեին մասնավոր ընկերությունները։ Երկու գյուղի բնակիչնեն արդեն երկու տարուց ավել է սպասում են վերջնական գազաֆիկացմանը:

Տարիների ընթացքում գազատար մայրուղին փչացել է, տեղ-տեղ խողովակներն անջատվել ու ընկել են։

Կարդացեք նաև՝
Երկու տարվա ընթացքում գազատար մայրուղին փչացել է, տեղ-տեղ խողովակներն անջատվել ու ընկել են։

Դիլիսկա-Պտենա-Չունչխա, եւս 4,5 կմ ցեմենտ-բետոնե ճանապարհ