Ախալքալաքի Նալբանդյան փողոցի սկզբնամասը տարիներ շարունակ վերածված է շուկայի։ Այստեղ ավտոմեքենաները, անցորդները և վաճառասեղանները «պայքարում» են տեղի համար։ Տեղական իշխանությունը խոստանում է, որ այս տարի շուկան կծառայի որպես առևտրի կենտրոն, այլ ոչ թե մոտակա փողոցը:
Տարիներ շարունակ Ախալքալաքի շուկան չէր պատկանում շրջանին, ըստ այդմ տեղական իշխանությունը չեր կարող վերանորոգել շուկան, այնտեղ տիրում էր հակասանիտարական վիճակ ու անկարգություն: Որպես մթերային շուկա ծառայում էր կից գտնվող Նալբանդյան փողոցը:
Սակայն պետական գույքի բաժնի 2014 թ. հոկտեմբերի 10-ի №1 22/94 հրամանի համաձայն, շուկայի տարածքը իր շինություններով հանդերձ դարձավ Ախալքալաքի շրջանի սեփականությունը: Առևտրական կենտրոնի վերանորոգման համար տեղական բյուջեն հատկացրել էր 100 000 լարի։
Վաճառականները շուկայում առևտուր չէին անում, քանզի պայմաններ չկար։ Արդեն 3 տարի է, 2015 թվականից, շուկան վերանորոգված է, սակայն ներկա պահին մեծ մասամբ դատարկ է և առևտրականները նորից Նալբանդյան փողոցում են։
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, մինչև 2018 թվականի հուլիս ամիսը հետզհետե առևտուրը Նալբանդյան փողոցից կտեղափոխվի շուկա։
Իսկ ինչ քայլեր կձեռնարկի քաղաքապետարանը դրա համար դեռ հայտնի չէ։
Գայանե Ակոջյան