Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ արտասահմանյան ֆինանսավորումն Ախալքալաքում առողջապահության ոլորտի վրա, ի՞նչ են մտածում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի մասին բժիշկները, այս և այլ հարցերի շուրջ Jnews-ը զրուցել է բժիշկ-ռադիոլոգ Հակոբ Չախմախչյանի հետ, ով նաև Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր է «Վրացական երազանքից»։
Հակոբ Չախմախչյանն իր ախտորոշիչ կենտրոնի համար կարևոր սարքավորումներ է ձեռք բերել Եվրամիությունից ստացած դրամաշնորհով։
Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքը, բացի ոչ կառավարական կազմակերպություններից, կարող է ուղղակիորեն ազդեցություն ունենալ նաև առողջապահության ոլորտի վրա, քանի որ եթե օտարերկրյա ֆինանսավորումը նվազի, ապա Վրաստանում բժշկության զարգացման ուղղությամբ ներդրումները կարող են շատ ավելի քիչ լինել։
Ախալքալաքում բազմաթիվ մարդիկ ու կազմակերպություններ դիմել են դրամաշնորհների ու ձեռք բերել տարբեր սարքավորումներ և իրականացրել նախագծեր, իսկ որոշները սեփական բիզնես են հիմնել։
Հակոբ Չախմախչյանը սեփական «Ախտորոշիչ կենտրոն» ունի։ Ասում է՝ դրամաշնորհով ձեռք է բերել շատ կարևոր սարքավորում իր Կենտրոնի համար և, եթե նորից դրամաշնորհ լինի, որը հնարավորություն կտա ունենալ այնպիսի սարքավորում, որն ինքը չի կարող գնել սեփական միջոցներով, ապա անպայման կդիմի, անկախ ամեն ինչից։
«Ես նրանց հետ առաջին անգամն էի համագործակցում։ Ինձ շատ դուր եկավ այն հանգամանքը, որ ամեն ինչ բաց էր ու շատ թափանցիկ, այսինքն՝ ես ամեն ինչ ներկայացրել եմ թափանցիկ ձևով, և միանշանակ, եթե դրամաշնորհ լինի նորից կդիմեմ», – ասում է Հակոբ Չախմախչյանը։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին արտաքին ֆինանսավորման տեսանկյունից, նա պատասխանեց․
«Ինձ համար շատ կարևոր է, որ ամեն ինչ լինի թափանցիկ։ Հնարավոր է ես զգուշանամ, եթե ինչ-որ մեկը ֆինանասավորում ստանա և ցույց չտա, թե ինչի համար է այն։ Կարող է այդ դեպքում ես իմ տան դուռը փակեմ։ Իսկ այն ինչ թափանցիկ է, թող շատ լինի», – ասում է Հակոբ Չախմախչյանը։
Հակոբը Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծի շրջանակներում, GIPA-ի և LAG-ի աջակցությամբ՝ սեփական «Ախտորոշիչ կենտրոնի» համար ձեռք է բերել MORITA IC5 2019 թվականին արտադրած ախտորոշիչ ատամնաբուժական սարքավորում։ Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 64․997.56 լարի, Եվրամիության ֆինանսավորումը՝ 38․998.54 լարի, իսկ համաֆինանսավորումը՝ 25․999.02 լարի։
«Օրենքը, որն ընդունվել է, անմիջապես վերաբերվում է ոչ կառավարական կազմակերպություններին, ուզում եմ ընդգծել, որ ես որպես բժիշկ շատ գոհ եմ ոչ կառավարական կազմակերպություններից։ Մասնակցելով LAG-ի ծրագրին ստացել եմ ֆինանսավորում, նրանք ինձ օգնել են մեր շրջանում ձեռք բերել բացառիկ սարքավորում, որը ես միայնակ չէի կարող գնել։ Ես շատ գոհ եմ», – ասում է բժիշկ-ռադիոլոգը։
Ատամնաբուժական MORITA IC5 սարքավորումն աչքի է ընկնում ճառագայթման ցածր որակով և անվնաս է, ինչպես պացիենտի, այնպես էլ աշխատակիցների համար: Այն առանձնապես հարմար է երեխաների համար, քանի որ ցանկացած բարձրության վրա կարող է հանել ռենտգենագրական նկար շատ կարճ ժամանակում:
«Մենք ունենալով 45 ատամնաբուժ չունինք այսպիսի սարքավորում, մինչև այս սարքավորման ձեռքբերումը բոլորի պացիենտները գնում էին Ախալցիխե, Բորժոմի կամ Թբիլիսի։ Ունենալով այս սարքավորումը տեղում մեր պացիենտները ոչ մի տեղ չեն գնում։ Արդյունքում ատամնաբույժերի աշխատանքը, գործի որակն ավելի բարձրացավ», – ասում է Հակոբ Չախմախչյանը։
Բժիշկը նաև նշում է՝ այս օրենքի ընդունումը փաստացի իր ազդեցությունն է թողնում բազմաթիվ նախագծերի վրա, որոնք կարող են փակվել։
Հետաքրքիր է կարդալ ՝