Ջավախքում հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր սովորական առօրյայից բացի հետաքրքիր զբաղմունք ունեն, Արա Ղարսլյանը զբաղվում է քանդակագործությամբ և հազվադեպ հանդիպող արվեստով՝ խարանկարչությամբ։
«Գունավոր նկարները սահմանափակում են մտքի հնարավորությունները»,- ասում է խարանկարիչ, քանդակագործը։
Արա Ղարսլյանը ծնվել և ապրում է Նինոծմինդայի շրջանի Խոջաբեկ գյուղում։ Գյումրու գեղարվեստի ուսումնարանի քանդակագործություն բաժնում մասնագիտական կրթություն ստանալուց հետո զորակոչվել և ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև վերադարձել հայրենի աշխարհ, ստեղծել իր ընտանիքն ու զբաղվել սիրելի գործով։ Արա Ղարսլյանի համար արվեստը ոչ միայն զբաղմունք է, այլ նաև ապրուստի միջոց, նրա սիրելի գործը նաև եկամտի փոքրիկ աղբյուրն է։
Արա Ղարսլյանը բազմաթիվ խաչքարերի և նկարների հեղինակ է։ Իր գործերի մասին շատ չի սիրում խոսել։ Մեր հերոսին մանկուց է նկարչությունը գրավել, ոգևորողը և առաջին ուսուցիչը հայրը՝ Կարլեն Ղարսլյանն է եղել։ «Միշտ ձգտել եմ ստեղծել արտասովոր նկարներ, իմ հաջողության գաղտնիքը չկրկնվելու մեջ է»։
Երբ հարցնում ենք, ո՞րն է առաջնահերթ՝ քանդակագործությունը թե նկարչությունը․ միշտ պատասխանում է, որ նախ քանդակագործ է, հետո նկարիչ․ այնուհետև ավելացնում է՝․ «Գիտեք, մեկը մյուսին լրացնում է»։
Արայի համար խարանկարելու հիանալի պահը առավոտյան ժամերն են։ Նկարիչը ասում է, որ արվեստի էությունը շատ դեպքերում կապված է ընկալման հետ․ պետք է որսալ առավոտվա հանգստությունը, երբ բոլորը քնած են և չկա շարժ, այդ ժամանակ քո ձեռքը ինքնին շարժվում է դիքտի վրա ու մինչ արևը կհասցնի դուրս գալ, դու քո աշխատանքի կեսը արդեն վերջացրած կլինես։
Մտնելով քանդակագործ-խարանկարչի տունը, մենք տեսնում ենք Այվազովսկու, Բաշինջաղյանի նկարները, պատկերներ Վարդանանքից, հեղինակի միագույն ընկալելի մոտեցմամբ։ Արա Ղարսլյանը անընդհատ թարմացնում է նկարները։
Այս անգամ հերթը Վարդանանքինն էր։ Խարանկարիչը ձեռքի դանդաղ շարժումով վերանկարում էր նկարի դետալներից մեկը․ նուրբ ու բծախնդիր է աշխատել այրվող փայտով՝ մի փոքր ձեռքի սխալ ուղղություն ու նկարը կարող է փչանալ։
Արա Ղարսլյանի երեխաները հպարտությամբ են ասում, որ իրենց հորը խարանկարելով են տեսնում նաև, երբ իրենց մայրը դաշնամուր է նվագում։ Ինքը Արան էլ չի հերքում, հակառակը համեստորեն ժպտում է ու նայում տան դաշնամուրին, որը տեղակայված է մի փոքրիկ անկյունում՝ նկարներով շրջապատված։ «Ինձ ոգեշնչում է ոչ թե երաժշտությունը, այլ կինս, նա իմ մուսան է։ Երբ ականջիս է հասնում «Լուննի Սոնետի» ձայնը, ձեռքերս ինքնին սկսում են պատկերներ ստեղծել»։
Ջավախքի յուրաքանչյուր գյուղում Արան իր արվեստի մի մասնիկն է թողել։ 2010 թվականին Նինոծմինդա քաղաքում բացվեց 2 հարևան երկրների եղբայրության և բարեկամության խորհրդանիշ՝ Հայոսի ու Քարթլոսի արձանը։ 2013 թվականին էլ նույն քաղաքում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակին նվիրված քանդակը, որի հեղինակը նույնպես Արա Ղարսլյանն է։
Կատարինե Ղարսլյան