Այսօր տեղի ունեցավ հանդիպում գերմանական «Palandt» գյուղատնտեսական ընկերության ներկայացուցիչների և Ախալքալաքի կարտոֆիլագործների միջև։ Ընկերությունը ներկայացրեց գյուղատնտեսական տեխնիկա և պարարտանյութեր, որոնք նպաստում են կարտոֆիլի ինքնարժեքի նվազեցմանը:
Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ռամազ Գոգոլաձեն, «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովը, «Նատուրալ գրին Կովկաս» կազմակերպության ղեկավար Լեվան Կվաշիլավան և այլք:
Հյուրերը ներկայացրեցին իրենց ընկերության տեխնիկան, ինչը նորություն էր տեղացի կարտոֆիլագործների համար։ Ներկայացվող տեխնիկան ավելի արդունավետ է դարձնում բերքի արտադրությունը և հեշտացնում մարդու աշխատանքը։
Տեխնիկական սարքավորումներից բացի ներկայացվեց նաև պարարտանյութեր, որոնք, ինչպես ներկայացնողներն էին բացատրում, անվնաս են առողջության համար։ Կարտոֆիլագործները հյուրերի հետ երկար քննարկումից հետո որոշեցին, որպեսզի հյուրերին ներկայացնեն իրենց ունեցած տեխնիկան և համեմատեն ներկայացվող տեխնիկայի հետ։
Կարտոֆիլագործների խոսքով, ներկայացվող տեխնիկայի անհրաժեշտությունը մեր տարածաշրջանում զգացվում է, սակայն պետք է հասկանալ, թե արդյո՞ք այդ տեխնիկան կհամապատասխանի լեռնային քարոտ հողերին։ Ներկայացվեց նաև մեքենաներ քարի հեռացման համար։
Ներկաները հանդիպումը արդյունավետ գնահատեցին։
Սոնա Տոնականյան