Սկսվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի եռօրյա այցը Սամցխե-Ջավախք: Այսօր նա Ախալցխայում է, իսկ վաղը կլինի Ախալքալաքում:
Ռուբեն Սադոյանն Ախալցխայում հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետի, Ախալցխայի քաղաքապետի, սակրեբուլոյի անդամների, տեղի հայ բնակչության հետ:
Նահանգապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտի խնդիրները: Ըստ նահանգապետ Ակակի Մաճուտաձեի՝ շրջանի բնակչությունը երկրի թերևս ամենաաշխատասեր հատվածն է, չնայած սրան, բնակիչները շարունակում են մեկնել արտագնա աշխատանքի: Ի պատասխան Սադոյանը նշել է, որ պետք է հաշվի առնել գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարը՝ հատկապես անասնապահության ոլորտում և գյուղատնտեսության այս ուղղությունը դարձնել էլ ավելի շահավետ: Քննարկվել է նաև մսի մթերման և արտահանման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը, հողի ապահովագրության անվճար պետական ծրագիրը: Ինչպես նաև քննարկվել է տարածաշրջանում տուրիզմի զարգազման հնարավորության մասին հարցը:
Այնուհետև դեսպանն այցելել է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, ուր նրան աղ ու հացով են դիմավորել: Կատարվել է ժամերգություն:
Հետո դեսպանը հանդիպել է Ախալցխայի հայերի հետ: Հարցերը բազմաթիվ և բազմաբնույթ են եղել: Բնակիչները բարձրացրել են Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածի վերականգման, Հայաստանի Լոռի և Շիրակ մարզերի Ջավախքի հետ համագործակցության, մաքսային ծառայությունների մասին հարցերը:
Սադոյանը ջավախահայերին ասել է, որ դեսպանատան դռները բաց են ցանկացած քաղաքացու համար՝ ցանկացած օր: Նշվել է նաև, որ ամեն ամիս հյուպատոսական ծառայություններ են մատուցվելու Ջավախքում։
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցին։ Դեսպան Սադոյանը Ախալցխայում հայաստանյան Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման առաջարկի հետ կապված ասել է, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։
Վաղը Ռուբեն Սադոյանը կայցելի Ախալքալաք: Նախատեսված են հանդիպումներ քաղաքի ղեկավարության և բնակչության հետ։ Քաղաքապետարանի դահլիճում կանցկացվի հյուպատոսական ընդունելություն, որից հետո դեսպանը կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, տեղի մշակութային երիտասարդական կենտրոն, Jnews լրատվական կենտրոնի գրասենյակ, Գումբուրդոյի նորակառույց դպրոց: Դեսպանը կլինի նաև Կարծախում, ուր և կայցելի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան:
Եռօրյա աշխատանքային այցը կավարտվի Նինոծմինդա քաղաքում։
Նյութը պատրաստված է Aliq Media-ի տեղեկատվության հիման վրա
Շուշան Շիրինյան