Սուրբ Նինոյի անվան փողոցի բնակիչները, որը տանում է դեպի Ջիվանու թաղամասի և քաղաքի մնացյալ հատվածի միջև ընկած կիրճը, երկար տարիներ բողոքում են կյանքի համար որևէ հարմարության բացակայությունից։ Նրանց համար ամենահրատապ խնդիրը ճանապարհի ասֆալտապատման խնդիրն է, սակայն բնակիչները դժգոհում են նաև իրենց տան դիմացի անցնող բաց կոյուղուց, կամրջից թափվող աղբակույտերից և վտանգավոր հետիոտնային արահետից, որով նրանք բարձրանում են քաղաքի կենտրոն։
Մարիամ Մարաբյանի տունը տարածապես գտնվում է նախկին զինվորական ավան տանող կամրջի տակ։ Այն ճանապարհի ասֆալտապատ հատվածից ամենից հեռվում է գտնվում։ Մարիամն ապրում է մենակ և չունի մեքենա և իրեն օգնող որևէ մեկին։ Խնդիրներն առաջանում են, երբ տան համար անհրաժեշտ է մթերք գնել՝ ալյուրի, շաքարավազի պարկեր և այլն: Մեքենաները կանգ են առնում տնից հեռու, որտեղ ավարտվում է ասֆալտը, իսկ հետո ամեն ինչ պետք է տեղափոխել ձեռնասայլակներով: Ասֆալտից բացի Մարիամը դժգոհում է իր տան դիմացի բաց կոյուղուց:
«Ահա այսպիսին է մեր վիճակը: Այնտեղ նայե՛ք, աղբը տեսնու՞մ եք: Ներքնակներ, տակդիրներ, ամեն ինչ թափում են այդտեղ: Աշխարհում նման բան չկա, որ մարդ դուռը բացի, և բաց կոյուղին անցնի իր տան դիմացով»,- նշում է Մարիամ Մարաբյանը։
Փողոցի որոշակի հատվածը մի քանի տարի առաջ ասֆալտապատվել էր, մնացած մասը՝ մոտ 300 մետրը, դեռ սպասում է իր հերթին։
«Մի քանի անգամ մենք դիմել ենք քաղաքապետարան՝ Ունանյան Յուրիկի ժամանակ, բնակիչների կողմից ստորագրված հայտարարություն ենք ներկայացրել: Կա՛մ չեն պատասխանում, կա՛մ ասում են, որ միջոցներ չկան»,- մեկնաբանում են տվյալ հատվածի բնակիչները։
Խնդիրն առաջանում է ոչ միայն ճանապարհի երթևեկելի մասում, այլև նեղ հետիոտնային արահետի վրա, որը բարձրանում է դեպի լանջը։ Ձմռանն այնտեղ էլ ավելի վտանգավոր է լինում։
«Ո՛չ շտապօգնություն է գալիս, ո՛չ տաքսի, իսկ մենք մեքենա չունենք: Սնունդը քարշ ենք տալիս ձեռնասայլակով, մի անգամ բրեզենտով ենք քարշ տվել: Երեխաների համար ճանապարհը շատ անապահով է, քարեր են ընկնում, ինքներս ենք բարձրացնում: Ձմռանը մեքենաներ ընդհանրապես չկան»,- հավելում է փողոցի մեկ այլ բնակիչ Թերեզա Դարբինյանը։
Jnews-ի հարցին, թե արդյո՞ք այս խնդրի լուծումը նախատեսվում է, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը պատասխանեց հետևյալը.
«Ինչպես և քաղաքի մյուս հատվածների դեպքում, որոնք քիչ չեն, ինչպես ես Ձեզ արդեն ասել էի, այս տարի մենք նախագիծ ենք մշակելու, որը կներառի այս հատվածը ևս: Արդեն հաջորդ տարի աստիճանաբար կփորձենք փակել բոլոր խնդրահարույց հատվածները»:
Նա նաեւ հավելեց, որ Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում քաղաքապետարանն այս տարածքի բնակիչներից դիմումներ չի ստացել։
«Անցյալ տարի մենք այնտեղ հետիոտնային ճանապարհն ամրացրինք, ծախսեցինք 25 000 լարի: Կամաց-կամաց ամեն ինչ կանենք: Կոյուղու խնդրին էլ եմ տեղյակ, բայց այս առումով դեռ ոչինչ չեմ կարող ասել: Պետք է գնալ և տեղում տեսնել», – հավելեց նա: