Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգու մանկական խաղահրապարակն ամրացման կարիք ունի: Ճոճանակները բարձիթողի վիճակում են։
Երեխաներին Խաս Բախչա զբոսայգի բերած ծնողները դժգոհում են, որ ճոճանակներն անվտանգ չեն երեխաների համար։ Մի տեղ ջարդված են, մի տեղ ինքնաշեն վիճակում կախված, մեկ այլ տեղ՝ պլաստմասսե նստատեղը ճաքած է, ինչ-որ տեղ էլ մետաղյա շղթաներն են միմյանց կապված մետաղալարերով կամ պարանով։
«Մեծ երեխաները ճոճվում են, այդ պատճառով էլ ճոճանակը նման վիճակում է»,- ասում է մի տղամարդ, ով իր երեխային բերել էր խաղալու։
Քիչ այն կողմ, Դիլիսկա գյուղից մի երեխա մեկ այլ ճոճանակի վրա է խաղում։
«Իհարկե, վախենում ենք, որ երեխան ընկնի, բայց ի՞նչ անենք, երեխաներն ուզում են ճոճանակ նստել: Ահա, այսպես ես նստեցրել եմ, երեխան մի քիչ կխաղա, կուրախանա և հետ կվերադառնանք։ Ախալքալաքը բավականին մեծ քաղաք է, եթե հետաքրքիր վայրեր լինեին, երեխաները կուրախանային: Այդ դեպքում ոչ ոք չէր տեղափոխվի, օրինակ՝ Ռուսաստանում երեխաների համար շատ բաներ կան: Մենք նրան այստեղ ենք բերում գրեթե ամեն օր։ Երեխան ցանկանում է խաղալ, մենք բերում ենք, բայց երեխաները զբաղմունք չունեն: Այնտեղ ճոճանակներն են կոտրված, իսկ սրա վրա երեխային բռնելու տեղ չկա, հսկում ենք, որ չընկնի»,- ասում է Դիլիսկայից 4-ամյա աղջկա տատիկը։
Խաղահրապարակի վիճակի մասին քաղաքապետարանից տեղեկացել են Jnews-ից և խոստացել, որ այս հարցը լուծում կստանա։
«Մենք գնացինք ու տեղում տեսանք: Այո, մանր տեխնիկական խնդիրներ կան: Սպասարկման կենտրոնին ասել ենք, որ զբաղվեն դրանով: Դրանք մանր խնդիրներ են»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը:
Նշենք, որ երեխաների ժամանցի հարցը աստիճանաբար լուծվում է, միայն այս տարի երկու վայրում է իրականացվում է զբոսայգիների կառուցում՝ քաղաքի տարբեր հատվածներում (Ջիվանու և Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերի մոտակա զբոսայգիները), նաև 14-րդ ավանում կտեղադրվեն փողոցային վարժասարքեր: