Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում Անդրանիկ Աբելյանը սկսած 2007 թվականից զբաղվում է սպորտով։ Նախ կարատե, այնուհետև՝ քիքբոքսինգ։ Անցնելով բավականին երկար և դժվար ճանապարհ Անդրանիկը հիմա քաղում է իր աշխատանքի արդյունքները։ Նա մարզիչ է, որի մարզիկները միջազգային տարբեր մրցաշարերում պատվավոր հորիզոնականներ են զբաղեցնում:

Անդրանիկը դպրոցական կրթությունը ստացել է գյուղում: Փոքրուց սիրել է սպորտը և միշտ փորձել նմանվել «երկաթյա» մարդուն՝ Ժան Կլոդ Վան Դամին:

«Գյուղում հնարավորություն չկար մարզվելու, հեռուսատացույցով տեսնելով, ինքս ինձ մարզվում էի։ Գյուղում բոլորն էլ գիտեն, որ ես առանց սպորտի չեմ կարող: Ես շատ շնորհակալ եմ Սերգեյ Տոնականյանին, նա ինձ կյանքում ուղի է ցույց տվել»:

2007 թվականին Սերգեյ Տոնականյանը Դադեշում մարզումներ է անցկացրել:

«Հենց առաջին օրվանից ես սկսեցի մարզվել և մեկ ամիս նա ասաց՝ Անդրանիկ, դու կարող ես առաջ գնալ, դու միայն զբաղվիր սպորտով: Նա ինձ համար մոտիվացիա եղավ, ամեն օր հետաքրքրվում էր ինձանով, այն օրերին, երբ չէր գալիս գյուղ, զանգում հարցնում էր՝ մարզվե՞լ եմ»:

Գյուղում այդ ժամանակ ընդհանուր 30 աշակերտի է մարզել Սերգեյը: Նա շատ արագ նկատել է Անդրանիկին ու հույսեր կապել նրա հետ:

sertifikatner

Անդրանիկը սկսել է կարատեյով, հետագայում արդեն քիքբոքսինգով:

«Սկսեցի պարապել Էլիզբարյանի մոտ, քանի որ բռնցքամարտը ես այդքան էլ լավ չգիտեի: Էլիզբարյանը նույնպես ասում էր, որ իմ մոտ ստացվում է, ինչպես նաև Գագիկ Էլիզբարյանը, բոլորը աջակցում էին ինձ։ Միշտ ասում էին, որ հնարավոր է համաշխարհային աստղ դառնամ, սակայն ինչ-ինչ պատճառներով հետ ընկա, հետագայում արդեն կենտրոնացա մարզիչի աշխատանքի վրա»:

2018 թվականից Անդրանիկ Աբելյանն սկսում է աշխատել որպես մարզիչ, համապատասխան հավաստագիր ունի։

«Որոշեցի խումբ հավաքել հայրենի գյուղում, ցանկացա, որ իմ կիսատ թողած գործն իմ գյուղից մեկը շարունակի, հասնի մեծ բարձրունքների»։

Այսօր Անդրանիկը 25 աշակերտ ունի, լինում է այս թիվը նվազում և/կամ աճում է: Դադեշ են գալիս մարզվելու նաև հարևան գյուղերից: Շաբաթական երեք օր, կանոնավոր մարզում է երեխաներին:

«Ես ունեմ միջազգային չեմպիոն՝ Ռոբերտ Ափոյանը, Հայաստանում մասնակցել է միջազգային մրցույթի: Նա 15 տարեկան է։ Այդ մրցույթի ժամանակ ներկա էր նաև Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայից: Ես հպարտանոմ եմ, որ այլ երկրներում իմ մարզիկները բարձրացնում են Վրաստանի դրոշը: Իմ աշակետրները շատ լավ մարզիկներ են, ես հպարտ կարող եմ ասել, որ ինձանից էլ առավել են։ Չեմպիոններ ունեմ»։

2021 թվականին նոյեմբերին Անդրանիկը քիքբոքսինգի պաշտոնական ներկայացուցչությունից մրցույթի մասնակցության պաշտոնական հրավեր է ստանում, որն անցկացվում է Հայաստանում:

k1 champion

Անդրանիկի մոտ մտահոգություն է առաջանում, քանի որ վերջին անգամ մրցույթի մասնակցել է 2013 թվականին Վրաստանի առաջնությունում և գրավել երկրորդ հորիզոնական:

«Առաջարկը ստացա և հայտնեցի ընտանիքս, նրանց արձագանքը դրական չէր: Ի վերջո որոշեցի մասնակցել, թեկուզ պարտվեմ»:

godi

Անդրանիկը մրցույթին պատրաստվելու համար ընդամենը մեկ ամիս ժամանակ է ունեցել:

«Էլիզբարյաններն ամբողջ ընթացքում միշտ կողքիս են եղել: Անընդհատ մարզվում էի, քաշային կարգս փոխեցի, որ կարողանամ մասնակցել: Մրցակիցս Իրանի իսլամական հանրապետությունն էր ներկայացնում: Մրցույթի երրորդ ռաունդում նոկաուտով հաղթեցի մրցակցիս»:

Նա ոգևորված է, որ այդքան տարի անց կարողացել է ոչ միայն մրցույթի մասնակցել, այլև հաղթանակով ավարտել մենամարտը։

Անդրանիկը կարատեի ասպարեզում նույնպես գրանցել է բավականին լավ արդյունքներ։ Մասնակցել տարբեր մրցումների, ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում և գրավել (Օրինակ. Թուրքիայի Տրապիզոն քաղաքում) պատվավոր հորիզոնականներ։ Ունի բազում մեդալնեեր և սերտիֆիկատներ։

medalner

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Անդրանիկը ստացել է K1-ի միջազգային կարգի վարպետի կոչում՝ ֆեդերացիայի նախագահ Բաղդասար Միզիկյանի կողմից։

vkayakan

Միայն կարատեում և քիքբոքսինգում չէ, որ մեր հերոսը հասել է ցանկալի արդյունքների։ Սոցիալական կայքերում տարածվել է տեսանյութ, որում Արդրանիկը ձեռքի հարվածով քարերի մի քանի շերտ է ջարդում:

«Ամենակարևորն այն է, որ մարդու ոսկորը պատրաստ լինի, որ դիմանա հարվածին, դրա համար կան դժվար պարապմունքներ։ Առաջին անգամ 2010 թվականին եմ ջարդել, իհարկե, մեկ շերտ, շատ տանջվեցի, որ հասնեմ նպատակիս, ձեռքերս էլ լպոկել, ցավացրել էի, բայց նպատակ էի դրել ու հասա դրան»:

Անդրանիկի ընտանիքում միայն ինքը չէ, որ սպորտի ասպարեզում է, նրա հորեղբայրը վոլեյբոլի մարզիչ է, Ռուսաստանում է աշխատում, իսկ հայրը՝ ծանրամարտիկ:

Տանը նրա մշտական հենարանն ու օգնողը սպորտի հարցում մայրն է եղել։ Նրա հայրը չի ցանկացել, որ որդին ընտրի սպորտը, և եղել է, որ նույնիսկ քաղաք գնալու գումար չի տվել, փոխարենը մայրն է թաքուն տվել, ասելով՝ գնա, եթե շատ է ուզում գնալ, բայց ընկերների մեքենաներով, որպեսզի հայրը չկռահի:

Դադեշ գյուղում բոլորն են ճանաչում և սիրում Անդրանիկ Աբելյանին: Գյուղացիներն ամեն անգամ առանձնակի հպարտություն են ապրում Անդրանիկի և նրա սաներից յուրաքանչյուրի հաղթանակով:

Իր սաներին ոգևորելիս Անդրանիկը մշտապես որպես օրինակ է բերում հայտնի բռնցքամարտիկ Նաիրի Մելիքյանին: Ասում է, որ հետևեն Նաիրին, տեսեն ինչ կարգի մարզիկ է, մարզվեն և ամենակարևորն է հավատան Աստծուն և ամեն ինչի կհասնեն։

Մեր հերոսն այսօր մի ցանկություն ունի՝ մարզիչի իր աշխատանքում հասնի այնպիսի արդյունքի, որ իր մարզիկը հասնի «ONE CHAMPIONSHIP», հաղթի և ինքն առաջինը բարձրանա ռինգ և կանգնի իր մարզիկի կողքին: