Արագվայի դահուկավազքի կենտրոնը շրջանի շատ երիտասարդների համար առողջարար և հաճելի ժամանցի հնարավորություն է ձմռանը, սակայն նրանք ցանկանում են, որ դահուկավազքը հոբբիից լուրջ սպորտ դառնա:
Արագվայի դահուկավազքի կենտրոնում մարզվում են տարբեր տարիքի երեխաներ, ամենափոքրը՝ 8 տարեկան է: Կենտրոնի պատասխանատու Սպիրիդոն Ունանյանի խոսքերով, կենտրոնում այսօր սովորում է 45 երեխա, նրանցից 8-ը՝ աղջիկ են: Ցանկացողների թիվը տարեց տարի ավելանում է:
Արագվայի կենտրոն դահուկներով սահելու են գալիս ոչ միայն գյուղի երիտասարդները, այլև հարևան գյուղերից և Ախալքալաքից:
Սակայն կենտրոնի սպորտային հագուստը արդեն չի բավարարում բոլոր ցանկացողների պահանջը:
«4-5 երեխա իրենց հագուստներով են մարզվում: Մենք շատ խնամքով ենք վերաբերվում պարագաներին, նույնիսկ տանում ենք տուն, կարկատում, բայց որոշները հնարավոր չէ վերականգնել: 5-6 սպորտային հագուստ փչացել է և վերականգնման ենթակա չէ», – ասում է Սպիրիդոն Ունանյանը:
Մարզական կենտրոնը ունի 50 սպորտային հագուստ:
Հովհաննես Քուրդողլյանը ուրախ է, որ իրենց գյուղում կա այսպիսի կենտրոն, որտեղ իրենք զբաղվում են: Սակայն նա նշում է, որ կենտրոնը կոշիկի, ձեռնոցի, ակնոցի և շատ այլ մարզական պարագաների կարիք ունի:
Կենտրոնում մարզվող երեխաները դժգոհ են, որ իրենց ոչ մի մրցումների չեն տանում:
«Մենք տարբեր մրցումների ենք ուզում մասնակցել, թե Վրաստանում, թե Հայաստանում, սակայն մեզ չեն տանում, ասում են այդպիսի պրոեկտ չունենք: Մենք պատրաստ ենք մասնակցելու ցանկացած մրցման և հուսախափ չենք անի», – ասում է Հովհաննես Թութունջյանը:
Մարզիչ Մերուժան Քուրդողլյանը նույնպես վստահեցրեց, որ իրենց մարզիկները պատրաստ են մասնակցելու ցանկացած մրցման և իրենց պատրաստվածությամբ չեն զիջի մյուսներին:
Շուշան Շիրինյան
Սոնա Տոնականյան