Չնայած նրան, որ պատգամավորները շատ հարցեր ունեին և դժգոհ էին, սակայն հունվարի 30-ին Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նիստի ժամանակ հաստատվեց բյուջեի փոփոխությունները:
Ախալքալաքի Սակրեբուլոյի նիստի օրակարգում դրված էին մի շարք հարցեր: Նիստին ներկա էին 28 պատգամավորներ, հանդիպման ընթացքում միացավ նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Բյուջեում փոփոխությունները ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանը: Նա խոսեց աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին: Նիստի ընթացքում պատգամավորները բողոք ներկայացրեցին, թե ինչու բյուջետային աշխատակիցներն բարձր լեռնային կարգավիճակի համար լրացուցիչ վարձատրություն չունեն: Նրանք առաջարկեցին դիմել համապատասխան մարմիններին` այս հարցը վերանայելու համար:
Ելույթ ունեցավ Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի խմբակցության նախագահ Սեդա Մելքումյանը: Նա նշեց, որ հանձնաժողովը քննարկել է բյուջեի փոփոխությունների փաթեթը և որոշ նշումներ է կատարել:
Հետո ելույթ ունեցավ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը: Նա ներկայացրեց բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները, որոնք տարբեր պատճառներով անցյալ տարի չեն ավարտվել, և դրանց ժամկետները երկարաձգվել են, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք չեն վճարվել անցյալ տարի:
Պատգամավորները բազմաթիվ հարցեր ունեին ենթակառուցվածքային աշխատանքների առաջնահերթությունների ընտրության հարցում և պահանջեցին, որ հաջորդ անգամ նիստերին մասնակցեն նաև պլանավորման և տնտեսության բաժնի ներկայացուցիչները, որոնք կպատասխանեն իրենց հարցերին:
Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ դժգոհություններ և անհամաձայնություններ ներկայացվեցին որոշ աշխատանքների ընտրության առաջնահերթությունների հետ կապված, այնուամենայնիվ, պատգամավորները հաստատեցին բյուջեի փոփոխությունները:
Հետո քննարկվեց ՍՊԸ «Սանմաքրման» լուծարման հարցը և որոշվեց լուծարել, քանի որ բացվել է նոր ծառայություն `Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, որը միավորում է ՍՊԸ «Սանմաքրման» գործառույթները: Նաև հաստատվեց մանկապարտեզների մասին փոփոխությունները:
Շուշան Շիրինյան