Ախալքալաքի Շրջանային ժողովի 38 պատգամավորներից երկուսը կանայք են: Սա կազմում է ընդամենը 5.3%, բայց Ախալքալաքի համար սա մեծ քայլ առաջ է:
«Քաղաքականությունը կնոջ գործ չէ», Ախալքալաքում արմատացած կարծրատիպ է: Ավանդական հայրապետական մոտեցումը մերժում է նույնիսկ այն գաղափարը, որ կինը, բացի տնից, կարող է իր կարիերան ստեղծել, գործունեություն ծավալել, ինչպես օրինակ քաղաքականությամբ զբաղվել:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո օրենսդիր և գործադիր մարմիններում, ինչպես երկրի խորհրդարանում, այնպես էլ Ախալքալաքի շրջանում կանայք չկային: Կանայք երկար ժամանակ չէին համարձակվում և չէին ուզում մտնել շրջանի կառավարման մեջ, դրա պատճառը սոցիալական կառուցվածքն էր, հասարակական կարծիքը, մտածելակերպը:
Ջավախքի կանանց համար կան շատ «չի կարելիներ»: Մինչ վերջերս, հարսանիքներում, կանայք առանձին էին նստում տղամարդկանցից, մինչ հիմա էլ սա շարունակվում է շատ գյուղերում: Ինքնագրաքննությունը և տասնամյակների ընթացքում զարգացած որոշակի վարքագիծը, այդ թվում` կնոջ ինքնաբավությունը, Ախալքալաքի շրջանում իշխանությունը դարձրել է միասեռ` տղամարդկանցից բաղկացած:
2008 թվականին Ախալքալաքում տեղի ինքնակառավարման մարմինների ընտրություններին կնոջ մասնակցելու փորձ կատարվեց: Փորձը տապալվեց այն ժամանակվա իշխանությունների ճնշման պատճառով: Արդյունքում, այդ կնոջ պայքարը հասավ մինչև Ստրասբուրգի դատարան: Եվ դա միակ դեպքն էր:
2017 թ. հոկտեմբերի 21-ը դարձավ շրջադարձային: Սակրեբուլոյում (Ախալքալաքի Շրջանային ժողով) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պատգամավոր դարձան երկու կին` իրավապաշտպանն և ուսուցիչը: Նրանք առաջադրվել են իշխող կուսակցության «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից:
Սեդա Մելքումյանը երկար տարիներ աշխատել է ոչ կառավարական ոլորտում, գրեթե Ախալքալաքում քաղաքացիական հասարակության զարգացման սկիզբից, նա նաև Սամցխե-Ջավախքում Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչն էր: Վերջինս բազմիցս խոսել է քաղաքականության մեջ կանանց բացակայության մասին: Արդյունքում նա որոշեց հաղթահարել գոյություն ունեցող «ավանդույթը»: Նրա կարծիքով, Շրջանային ժողովում պետք է լինեն կին պատգամավորներ:
«Գլխավորը, որ որոշումները երբեք չպետք է կատարվեն միայն մեկ կողմի տեսանկյունից: Որպեսզի կանանց ձայնը, կարծիքը լսվի Սակրեբուլոյում: Ինչպիսին էին Սակրեբուլոյի նիստերը, մենք տեսանք բաց նիստերի ժամանակ: Այս նիստերի ժամանակ եղել էին վեճեր, հայհոյանք, իսկ երբ լինում էր թյուրըմբռնում, ոչ-ոք մեկը մյուսին չէր զիջում: Ես կարծում եմ, որ կնոջ առկայությունը տալիս է զգուշություն և կարգապահություն, քանի որ կինը սովորաբար շատ կարգապահ է իր աշխատանքում», – ասում է նա:
Ըստ Սեդա Մելքումյանի, հասարակության մեջ կան բազմաթիվ կարծրատիպեր, որոնք պետք է հաղթահարվեն:
«Ճիշտ է, քաղաքականությունը կնոջ գործ չէ: Կարծրատիպը, որ քաղաքականությունը կնոջը համար չէ, գոյություն ուներ, բայց իմ նախորդ աշխատանքների շնորհիվ ունենալով մեծ փորձ, ես հասկացա, որ ժամանակը եկել է, որ կինը պետք է լինի տեղական ինքնակառավարման մարմիններում և կինը պետք է ներկայացվի Սակրեբուլոյում: Յուրաքանչյուր աշխատանք պետք է տեղի ունենա հարմարավետ պայմաններում, ստեղծված են այնպիսի պայմաններ, դա մեր թիմն է: Ես աշխատում եմ թիմի և կուսակցության հետ, որի գաղափարախոսությունը ինձ դուր է գալիս», – ասում է Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը:
Երկրորդ կինը Սակրեբուլոյում, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Մինասյանը կարծում է, որ կինն առանց այդ էլ շատ գործեր ունի անելու: Ինչ անել, եթե տղամարդը վերադառնալով տուն կարող է իրեն թույլ տալ հանգստանալ և խնդրել բերել ուտելիք և խմիչք, իսկ կինը աշխատանքից հետո պետք է եփի, տնային գործերով զբաղվի: Սակայն, միևնույն ժամանակ, նա կարծում է, որ կանայք պետք է աշխատեն և ասեն իրենց խոսքը:
«Նախկինում ասում էին, որ կինն ու մեքենա վարելը համատեղելի չեն, բայց համատեղելի են չէ, այո: Ասում էին, որ կինն ու աշխատանքը համատեղելի չեն, համատեղելի են: Ում հետ գործ ունես, ինձ համար այդքան էլ կարևոր չէ՝ կանանց, թե տղամարդկանց: Ես երկու հանձնաժողովներում եմ, կրթության և գյուղատնտեսության: Գյուղատնտեսությունն ինձ համար նոր գործունեության դաշտ է, և ես իսկապես ցանկանում եմ այս ոլորտը հասկանալ: Մանկավարժական գործունեությունը ինձ շատ է օգնում, քանի որ ցանկացած ուսուցիչ շատ նուրբ հոգեբան է և այստեղ շատ կարևոր է հոգեբանությունը», – ասում է Արմինե Մինասյանը:
Նրա կարծիքով բնական է, որ այսքան կարճ ժամանակում, երբ կանայք դարձան պատգամավորներ, Ջավախքի կարծրատիպերը չվերացան, բայց նա իր նոր գործունեությունում անհարմարություն չի զգում:
«Ամուսինս ինքն է խորհուրդ տվել ինձ, որպես թեկնածու առաջադրվել: Իհարկե, դժվար է աշխատել պայմանավորված այն բանով, որ ես կին եմ: Ես կարծում եմ, որ եթե ես աշխատեի կանանց հետ, որպես տղամարդ, ապա դա նույնքան դժվար կլիներ: Գուցե մարդիկ ինչ-որ տեղ, այլ կերպ են վերաբերում, բայց ես կարծում եմ, որ ոչ մի տարբերություն չպետք է լինի: Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք անցնում էինք գյուղերով, մեզ էին մոտենում կանայք իրենց խնդիրներով և պատմում դրանց մասին, հավանաբար, այս տեսանկյունից կին թեկնածուների ներկայությունը նրանց համար դրական գործոն էր: Իսկ ինչ էին մտածում տղամարդ ընտրողները ես չգիտեմ, ամեն դեպքում, նրանք իրենց վերաբերմունքը ցույց չէին տալիս», – ասում է «Վրացական երազանքի» կողմից Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Արմինե Մինասյանը:
Եվրամիությունը խրախուսում է կանանց մասնակցությունը ընտրություններին և գենդերային հավասարությանը, իսկ Վրաստանը որդեգրել է Եվրամիություն տանող ուղին: Կառավարությունը փորձում է սատարել գենդերային խնդիրը: Մինչ տեղական ինքնակառավարման ընտրությունները, յուրաքանչյուր կուսակցություն փնտրում էր պատգամավորի կին թեկնածուների, քչերն էին համաձայնում:
Զարմանալի երևույթ է ամբողջ երկրի համար այն փաստը, որ Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնի համար իշխող կուսակցությունը առաջադրեց կին Անիվարդ Մոսոյանին, ով հաղթեց ընտրություններում և այժմ Վրաստանի միակ կին քաղաքապետն է:
Թեկնածուներ առաջադրվեցին նաև ընդդիմադիր կուսակցություններից, սակայն նրանք չհասան Շրջանային ժողով: «Վրաստանի Հայրենասերների դաշինքից» կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածու էր նաև Արմինե Մինասյանը: ATV-12 հեռուստաընկերության նախկին լրագրողը ընտրություններից օրեր առաջ հրաժարվեց մասնակցությունից:
«Ես Բավրա գյուղում մեծամասնական պատգամավոր եմ առաջադրվել: Մենք երկու կին էինք` ես և ևս մեկ թեկնածու, բայց ցուցակով: Պատճառը որի համար ես հրաժարվեցի իմ թեկնածությունից, մեր գյուղի նախաձեռնող խմբի մեկ այլ թեկնածուն էր: Իրականում մենք ունեինք նույն ընտրազանգվածը: Հետազոտություն կատարեցի և ուսումնասիրեցի իրավիճակը, որոշեցի հրաժարվել իմ թեկնածությունից: Եթե ես մասնակցեի, ձայները կբաժանվեին և ի վերջո մենք երկուսս էլ կպարտվեինք, այդ պատճառով ես որպես կին, և որպես մարդ, ով կարող է գտնել այլ աշխատանք, հանեցի իմ թեկնածությունը, չնայած ես անկեղծորեն զղջում էի», – ասում է Արմինե Մինասյանը:
Արմինեն համոզված է, որ հասարակական կարծիքը մեծապես ազդում է կանանց քաղաքականության մեջ լինելու ցանկության վրա:
«Ընդհանրապես, մեզ մոտ կանանց համար դժվար է իրենց դրսևորել այն մասնագիտությունների մեջ, որտեղ հիմնականում տղամարդիկ են: Այստեղ կանայք չեն հարգվում քաղաքականության մեջ: Ես պատրաստ էի, քանի որ շատ տարիներ աշխատել եմ որպես լրագրող և քաղաքականության շրջանակները հստակ էին, բայց հետաքրքիր էր ինձ համար ներգրավվել քաղաքականության մեջ, որոշեցի մասնակցել տեղական ընտրություններին: Իսկ ընտրեցի կուսակցությունը Ախալքալաքի առաջնորդի պատճառով», – ասում է Արմինե Մինասյանը, ով իր թեկնածությունն առաջադրել է «Վրաստանի Հայրենասերների դաշինքից»:
Ախալքալաքի Սակրեբուլոյում կանանց ներկայությունը որոշ չափով փոխեց Սակրեբուլոյի աշխատանքը: Եվ ստեղծված կարծրատիպը զուտ տղամարդկանց քաղաքականության մասին ճեղք տվեց:
Քրիստինե Մարաբյան
Հրատարակությունը պատրաստվել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ քաղաքական կուսակցությունների աջակցության նախագծի շրջանակներում, որը իրականացնում է Էթնիկ եւ բազմամշակութաբանության կենտրոնը (CSEM): Ծրագիրը աջակցում է ԵԱՀԿ-ի Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Հրապարակման մեջ արտահայտված տեսակետները չեն արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի բարձրագույն հանձնակատարի դիրքորոշումը: