Սույն թվականի հոկտեմբերից մինչ այսօր մոտ 190 անօթևան շուն տեղափոխվել է Ախալքալաքից Օզուրգեթիի կենդանիների ապաստարան, ըստ տենդերի, մինչև տարվա վերջ տեղափոխվելու է 300 շուն:
Ինչպես Jnews.ge-ին տեղեկացրել էր, 2017 թվականի աշնանը անօթևան շներին ապաստանով ապահովելու համար հայտարարվել էր տենդեր-մրցույթ, որը շահել էր միակ մասնակիցը՝ Մարինա Ջափարիձեն Օզուրգեթիից։ Ախալքալաքի շրջանի բյուջեից հատկացվել է 24 900 լարի մինչև տարեվերջ 300 անօթևան շների ապաստան տեղափոխելու համար:
Մինչ այսօր շների տեղափոխումը իրականացվել է 8 անգամ։ Առաջի տեղափոխումը իրականացվել է հոկտեմբերի 12-ին, տեղափոխվել է 25 շուն։ Նոյեմբեր ամսին անօթևան շների տեղափոխումը իրականացվել է 5 անգամ և տեղափոխվել է մոտ 100 շուն: Դեկտեմբերի 6-ին՝ 28 շուն:
Դեկտեմբերի 18-ին մենք փորձեցինք ճշտել, թե ինչու տենդերը շահողը չի տեղավորվում ժամկետների մեջ, ինչից հետո երկրորդ օրը նրանք եկան Ախալքալաք և տեղափոխեցին ևս 28 շուն: Ընդհանուր հաշվով Ախալքալաքից Օզուրգեթ տեղափոխվել է մոտ 190 շուն։
Ախալքալաքի շրջանի Վարչության նախագահի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ընդունում է, որ միայն այս ծրագրով անօթևան շների խնդիրը լրիվ չի լուծվելու:
«Ես տեսնում եմ, որ նրանք աշխատում են, ունեն մեծ մեքենաներ, ճաղասյուներով պատված, սակայն հաճախակի չեն գալիս, այսօր էլ պետք է գաին, սակայն մինչև հիմա չեն եկել։ Նրանց աշխատանքի արդյունքը նկատելի չէ, եթե նրանք պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել, ուրեմն պետք է կատարեն իրենց աշխատանքը։ Գալիս են մեկ մեքենայով, հավաքում շներին, ըստ այդ մեքենայի քանակի: Ըստ ինձ պետք է գան գոնե երկու մեքենայով։ Շուկայի փողոցում և մոտակա տարածքներում էլի նկատելի է մեծ քանակությամբ շներ», – ասում է նա։
Ինչպես նաև Արմեն Խաչատրյանը նշեց, որ եթե գյուղական տարածքում շներ են նկատվում, ապա գյուղապետերը կարող են զանգահարել Ալբերտ Նահատակյանին և երբ որ խումբը գա Օզուրգեթիից, նրանց կուղարկեն ահազանգած հասցեով: Հիմա Բարալեթից են ստացել զանգ:
Իսկ Օզուրգեթիի ապաստարանի ղեկավար Գիորգի Մաղլափերիձեն ասաց, որ ժամկետներում չտեղավորվելու խնդիրը կարճ ժամանակն է:
«Տենդեր-մրցույթը շատ ուշ հայտարարվեց, այդ իսկ պատճառով չենք կարողանա մինչև տարեվերջ 300 շուն տեղափոխել, ինչը կշարունակենք մյուս տարվա սկզբից։ Սակայն աշխատանքները շարունակվում են այդ ուղղությամբ, որպեսզի հասցնենք։ Մեր ընկերությունը ոչ միայն Ախալքալաքի, այլ նաև տարբեր շրջանների հետ է համագործակցում, այդ իսկ պատճառով էլ հաճախ չենք կարող գնալ Ախալքալաք», – ասաց Գիորգի Մաղլափերիձեն։
Ինչպես արդեն նշել ենք, դեկտեմբերի 19-ին խումբը եկել էր և աշխատել մեկ օր: Նրանք պայմանավորվել են տեղական իշխանությունների հետ, որ դեկտեմբերի 21-22 նորից կգան ու կաշխատեն 2 օրվա ընթացքում, սկսելով առավոտ շուտ և շարունակելով երեկոյան:
Չնայած կատարված աշխատանքներին, միևնույնն է Ախալքալաքի փողոցներում նկատելի են մեծ և փոքր անօթևան շներ։
Գայանե Ակոջյան