Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայի աշխատաշուկայում ժամանակավոր օրինական աշխատանք ստանալ ցանկացողների և Առողջապահության նախարարության աշխատանքային միգրացիայի վարչություն ներկայացուցիչների հետ։ Սամցխե-Ջավախքից 20 հոգանոց խումբը Գերմանիա կմեկնի մինչև մայիսի 15-ը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Գերմանիայում աշխատելու պայմանները: Սամցխե-Ջավախքից մինչ օրս 4000-ից ավելի հայտ է ներկայացվել, որոնցից ըստ լրացված հարցաթերթիկների ընտրվել են 1000-ը: Գերմանացի գործատուն պատահականության սկզբունքով այդ 1000-ից պետք է ընտրի 20 դիմումատուի։ Աշխատանքները կսկսվեն 2021 թվականի մայիսի 15-ից և կավարտվի մինչև օգոստոսի 15-ը:
Ըստ Առողջապահության նախարարության աշխատանքային միգրացիայի վարչության ներկայացուցիչների, ճանապարհածախսը, բնակարանավարձը, որը կազմում է ամսական 200 եվրո և սնունդի հետ կապված ծախսերը՝ օրական 5,8 եվրո, պետք է վճարի աշխատանքի մեկնողը, իսկ ոչ աշխատանքային օրերը չի վարձատրվի: Այդ փաստը ներկաների մոտ բազմաթիվ հարցեր և դժգոհություն առաջացրեց։
«Պայմաններն ինձ դուր չեկան, ծախսերը շատ են, եթե հանենք ճանապարհածախսը, բնակարանավարձը, հարկված 5%-ը, դրա հետ մեկտեղ նաև սնունդի ծախսերը, շահույթ չեմ ստանա, եթե այս ծախսերը իրենք հոգային անպայման կգնայի», – ասաց ներկաներից Սվետա Արոյանը։
«Ինչ խոսք անգործությունից վատ ոչինչ չի կարող լինել, բայց եթե կարողանամ հասկանալ, թե վերջնական մաքուր եկամուտս ինչքան կկազմի, արժի գնալ, կգնամ», – ասաց Լալի Գոխաձեն։
Նշենք, որ ժամանակավոր սեզոնային աշխատանքի ծրագիրն իրականացվում է Վրաստանի և Գերմանիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Հնարավոր է աշխատանքի տեղավորում սեզոնային աշխատանք գյուղատնտեսության ոլորտում՝ բերքահավաք, աշխատանքի տևողությունը մեկից երեք ամիս է, աշխատանքային գրաֆիկը շաբաթը հինգից վեց օր է` օրական ութից տաս ժամ: Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի դիմաց 9.50 եվրո է (փոխանցված)՝ առանց հարկավճարի, սննդի և բնակության ծախսերի: