Այսօր՝ հունիսի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի 13 երիտասարդներ մեկնել են բանակ ծառայելու։
Առավոտյան Ախալքալաքի զինկոմիսարիատում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, 13 երիտասարդների հարազատներն ու ընկերները ճանապարհել են վրացական բանակում ծառայելու: Ախալքալաքի զինվորական հաշվառման և զորակոչի ծառայության պետ Ժիրայր Զանդարյանի խոսքով՝ այս տարի գարնանային զորակոչի է ենթակա 60 հոգի, սակայն շատ զորակոչիկներ արդեն մեկնել են արտագնա աշխատանքի կամ հիվանդության պատճառով ազատվել են ծառայությունից։
«Այսօր 13 տղա գնացել են երկրի առջեւ իրենց պարտքը կատարելու: Մենք 60 հոգու պետք է ուղարկեինք գարնանային զորակոչին, բայց չուղարկեցինք, քանի որ շատերը չեն կարողացել առողջական, ինչպես նաև այլ պատճառներով, ուստի պլանը մենք չկատարեցինք: Հետաձգում ևս շատերը չեն ստացել, քանի որ մի մասը գնացել է խոպան, մյուս մասը, քանի որ կարտոֆիլը գին չունի, հետաձգման համար չեն կարող վճարել»,- ասում է Ժիրայր Զանդարյանը։
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը տևում է մեկ տարի։