«Սուլդա»-ն և «Ֆլորա»-ն Ախալքալաքում հազվադեպ հանդիպող հյուրատներից են: Տանտերերը ընկալում են դրանք որպես ուղղակի հաճելի զբաղմունք, այլ ոչ թե բիզնես: Չնայած դրան, նրանք հասկանում են, որ ավելի արդյունավետ լինելու համար, պարտադիր է անգլերենի իմացությունը և գովազդը համացանցում:
Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղ մտնող յուրաքանչյուր այցելու առաջինը նկատում է ցուցանակները, որոնք մատնանշում են «Սուլդա» և «Ֆլորա» հյուրատները: Վերջիններս գործում են 2014 թվականից: Նախաձեռնությունն իրականացվել է «Էլկանա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, որպես Ջավախքի ազգային պարկի ստեղծման մեծ ծրագրի հավելյալ մաս:
Երեք տարիների ընթացքում հյուրատներ այցելել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր: Հյուրերի մի մասին հասցեն տրամադրել են Ախալքալաքում գտնվող Ջավախքի ազգային պարկի Այցելուների կենտրոնում, իսկ մյուս մասը ցուցանակների օգնությամբ ինքնուրույն են գտել:
Չնայած այցելուների բազմազգ երանգին, այնուամենայնիվ հյուրերի մեծ քանակ չեն գրանցել: «Ֆլորա»-ի պատմության մեջ հիշում են 200-ից 300 հյուրերի:
«Սուլդա» հյուրատան տանտիրուհի Զոյա Ջանոյանի խոսքերով, այցելությունները սեզոնային բնույթ ունեն, ամռան ամիսներին զբոսաշրջիկները հաճախ են իրենց տանը հանգրվանում: Եղել են դեպքեր, երբ մարդիկ եղանակային վատ պայմանները չեն հաղթահարել, և տանտերերն իրենք են գյուղից մեքենայով գնացել և հյուրերին տուն բերել:
«Հյուրերը մեր տանը միայն առաջին մի ժամն են հյուր զգում, ամեն ինչ անում ենք, որ մարդ ազատ զգա, կարողանա հանգստանալ: Հյուրերի հետ շփվելու միակ խնդիրը լեզուն է, անգլերենին լավ չենք տիրապետում, սակայն յուրաքանչյուր մեր տուն մտած հյուրի կարողանում ենք իրեն հետաքրքրող պատասխանները տալ, մի բան էլ ավելին, ամուսինս մեր ազգի պատմությունն է պատմում, Ջավախքի բնության ուշագրավ փաստերին է ծանոթացնում, մեր հյուրերի ժամանցը աշխատում ենք հետաքրքիր կազմակերպել», – ասում է Զոյա Ջանոյանը:
«Ֆլորա» հյուրատան տանտիրուհի տիկին Ֆլորան լայն ժպիտով է դիմավորում յուրաքանչյուր այցելուի, ժպիտից ու անմիջականությունից բացի հյուրերին առաջարկում է իր ձեռքով պատրաստած ուտելիքներ, ինչպես նաև հպարտանում, որ իր խոհանոցում գերակշռողը էկոլոգիապես մաքուր սնունդն է. կաթնամթերք, մեղր, իր ձեռքերով մշակած բանջարեղեն և այլն:
«Սա այն բիզնեսը չէ, որով կարելի է հարստանալ, սակայն պայմաններս ներում էր, մեծ տուն ունենք, ազատ սենյակներ, ինչու չօգտվել ընձեռված հնարավորությունից, նույնիսկ հետաքրքիր է տարբեր երկրներից հյուրեր ունենալը, նրանք մեր կենցաղին են ծանոթանում, մեզ էլ հետաքրքիր է ծանոթանալ իրենց հետ», – ասում է Ֆլորա Ափոյանը:
Այս տանը հյուրերի համար հատուկ մատյան կա, որտեղ այցելուները գրի են առնում իրենց տպավորությունները:
Այս տարվանից որոշել են սոցիալական ցանցերում և online այլ հարթակներում իրենց մասին տեղեկացնելու տարբերակներ մշակել:
Տանտերերը գոհ են, որ տան որոշ սենյակները ծառայում են հյուրերի համար, հնարավորության դեպքում կցանկանան ավելի ընդարձակել տարածքը, քանի որ կարծում են, որ եթե զբոսաշրջիկները իմանան նման հնարավորության մասին, ապա անպայման կհանգրվանեն տներում:
Սոնա Տոնականյան