Արդեն 53-րդ տարին է, ինչ Գրիգոր Սիմոնյանը զբաղվում է բժշկությամբ: Ամբողջ Ախալքալաքում նա հայտնի է որպես մանկաբույժ և երեխաների օտոլարինգոլոգ (ԼՕՌ), որն արդեն բուժում է երեխաների մի քանի սերունդ: Բացի իր մասնագիտությունից, Գրիգորը հետաքրքրված է ակտիվ, մարզական և հագեցած կենսակերպով, որին նա հետևում է մինչ օրս:

Գրիգոր Սիմոնյանը ծնվել է Մեծ Սամսար գյուղում, բայց հետագայում կյանքը նրան տարել է Խորհրդային Միության տարբեր անկյուններ: Ապագա բժիշկն ուսում է ստացել ք. Ախալքալաքի Մայակովսկու անվան ռուսական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի բժշկական ինստիտուտ՝ մասնագիտանալով մանկաբուժության ոլորտում: Ըստ նրա, իր մասնագիտական ընտրությունը որոշող հիմնական գործոնը մարդու նկատմամբ սերն էր:

«Անկեղծ ասած, 10-րդ դասարանում ես արդեն մտածում էի, որ ինձ համար ամենից հարմարը կլինի բժշկությունը, և ես չսխալվեցի, որովհետև մարդը որպես անհատ ինձ համար շատ գրավիչ է», – պատմում է Գրիգորը:

Նա նաև պատահական ընտրեց համալսարանում իր մասնագիտացումը: «Երբ ես հանձնեցի փաստաթղթերը ընդունելության համար, դրսում պատահական հանդիպեցի մի տղայի: Նա ինձ ասաց, որ փաստաթղթերը ներկայացրել է մանկաբուժական ֆակուլտետ, և ես ասացի՝ երևի ես էլ հանձնեմ թղթերս մանկաբուժության բաժին… այդպես էլ եղավ», – հիշում է բժիշկը:

Հատկանշական է, որ անծանոթների ազդեցությունը Գրիգոր Գաբրիելովիչի կյանքի վրա դրսևորվել է ոչ միայն դրանով: Ճամփորդությունների նկատմամբ նրա սերը և ակտիվ կենսակերպը ծագել է հենց ուսանողական տարիներին՝ հանրակացարանի հարևանի շնորհիվ, որը հրապուրված էր այդպիսի արշավներով: Մի անգամ նա իր հետ վերցրեց Գրիգորին, և այդտեղից ծնվեց նրա սերը ակտիվ կենսակերպի հանդեպ:

«Երկրորդ կուրսից ես սկսեցի բարձրանալ լեռներ, գնալ արշավների՝ Բևեռային Ուրալ, Արևմտյան Սիբիր, Կարպատներ, Կարելիա և Բայկալ լիճ և այս ամենն ուսապարկով, որի մեջ տեղավորած էին վրաններ, սնունդ, սարքավորումներ, քնապարկեր: Յուրաքանչյուր ուսապարկի նախնական քաշը 50 կգ էր, ամիսներով դեգերել ենք արշավներում», – պատմում է Գրիգոր Գաբրիելովիչը:

griqor4

Ավարտելուց հետո նա մի քանի տարի աշխատեց Ռուսաստանում, այնուհետև վերադարձավ հայրենիք և սկսեց աշխատել որպես մանկաբույժ Ախալքալաքի քաղաքային հիվանդանոցում: Այնուհետև անձնակազմի անբավարարության պատճառով նա անցավ վերապատրաստման դասընթացներ և սկսեց միաժամանակ աշխատել և որպես մանկական ԼՕՌ:

Գրիգոր Սիմոնյանը, բացի իր մասնագիտական գործունեությունից, չհրաժարվեց նաև ճանապարհորդության հանդեպ իր սիրուց և շարունակեց ուսումնասիրել այժմ արդեն հայրենի Ջավախքի բնությունը:

«Այստեղ ես նորից շարունակում եմ արշավներս. Մեկ մեր Ջուբարեթին, մեկ Բակուրիանին ու Աբուլ լեռը: 1976-ին ես 6 անգամ բարձրացել եմ Աբուլ լեռը, և հիմա ամեն տարի հավաքվում ենք ընկերների հետ և 1-2 անգամ բարձրանում գագաթ: Այս տարի ես արդեն եղել եմ Աբուլում, և հույս ունեմ, որ մինչ ոտքերս դեռ ինձ տանում են, ես դեռ պիտի բարձրանամ», – կիսվում է մեր հերոսը:

griqor6

Ըստ Գրիգորի՝ նրա արշավները պայմանավորված են հետաքրքրասիրությամբ և ֆիզիկական պատրաստվածությունը պահպանելու ցանկությամբ: Գրիգոր Սիմոնյանը 78 տարեկան է, բայց մինչ օրս նա վարժանք է անում ամեն առավոտ և շաբաթը 3-4 անգամ գնում է վազքի: Նա հավատում է, որ 80 տարին լրանալուց հետո էլ կկարողանա բարձրանալ Աբուլ լեռ:

«Ինչ վերաբերում է առողջությանը, ես ծուլություն չունեմ: Ըստ էության, ես անում եմ այս ամենը հանուն առողջության», – ասում է բժիշկը:

Այնուհետև, Գրիգոր Գաբրիելովիչը խոստովանում է, որ իր հայրական ընտանիքում շատ երկարակյացներ կան. Նրա պապը ապրել է 110 տարի, իսկ նրա հոր զարմիկը՝ Հովհաննեսյան Սամսոն Վարդանովիչը, այսօր էլ կենդանի է, իսկ սեպտեմբերի 12-ին նա կդառնա 105 տարեկան:

griqor3

Գրիգոր Սիմոնյանի երեք որդիներից նրա հետքերով գնաց միայն ավագը՝ Արթուրը: Ըստ Գրիգորի՝ նա որևէ ազդեցություն չի ունեցել որդու ընտրության վրա, և բժիշկ դառնալը Արթուրի սեփական ցանկությունն էր: Պատահականորեն այնպես ստացվեց, որ Գրիգորի հարսն էլ է մասնագիտությամբ բժիշկ, ուստի կարող ենք ասել, որ կազմվել է բժշկական ընտանիք:

Սեփական ընտանիքում Գրիգորը երբեք իր կարիերայի պատճառով խնդիր չի ունեցել, սակայն խոստովանում է, որ իր համար աշխատանքը միշտ եղել է ընտանիքից առաջնային տեղում: Կար ժամանակ, երբ նա աշխատում էր օրվա մեծ մասը, բայց «հուսալի թիկունքը սպասում էր նրան տանը»՝ նրա կինը ամբողջությամբ զբաղվում էր երեխաների դաստիարակմամբ և քաջ գիտակցում էր, թե ինչպիսի աշխատանք ունի իր ամուսինը:

Ըստ բժշկի, սերն ու բարեկամությունը հավասար տեղ են զբաղեցրել իր կյանքում: «Ես շատ ընկերներ ունեմ, – ասում է Գրիգորը, – և մենք առ այսօր շփվում ենք իրար հետ: Ես մարդամոտ եմ, ինձ հետ հեշտ է շփվել և ես էլ եմ ուրիշների հետ հեշտությամբ շփվում: Ես բացարձակապես ամբարտավանություն չունեմ: Շփվող լինելը՝ սա, հավանաբար, իմ հիմնական որակն է»:

griqor7

Մարդկանց մեջ Գրիգոր Գաբրիելովիչն ամենից շատ գնահատում է անկեղծությունը, նա սիրում է վստահելի, ճշմարտախոս մարդկանց և ատում է խաբեությունը: Ինչ վերաբերում է իսկական բժշկի հատկություններին, ապա նա կարծում է, որ իսկական բժիշկը պետք է լավ իմանա իր մասնագիտությունը և կարողանա լսել հիվանդին, երբեք իր ձայնը չբարձրացնի հիվանդի վրա:

«Բժիշկ դառնալու համար ամենակարևորը մարդուն սիրելն ու ճշտապահ լինելն է: Անձնական հարաբերություններում և գործերում: Բժշկությունը սիրում է ճշտապահություն: Ես այնպիսի բնավորության տեր անձնավորություն եմ, որ մարդկային դժբախտությունը միշտ ծանր է ազդում ինձ վրա, և ես միշտ պատրաստ եմ օգնության հասնել»,- նշում է Գրիգորը:

Մեր զրույցի ավարտին Գրիգոր Գաբրիելովիչը երիտասարդ սերնդին խորհուրդ է տալիս.

«Ապրել ոչ միայն քո համար, քանի որ մարդը միշտ պետք է ուրախանա ուրիշի հաջողություններով և տխրի, եթե Աստված մի՛ արասցե, ինչ-որ դժբախտություն պատահի: Չլինել մարդկությունից կտրված»:

griqor5

Ամալյա Բաբայան