«Ջավախք, Ախալքալաք – մեր հոգու ուրախություն » գրքի հեղինակ Սլավա Մելիքիձե-Ջավախին աշխատում է գրքի երկրորդ մասի ստեղծման վրա: Ինչն է հեղինակին ոգեշնչել աշխատանքը շարունակել, ինչով է բացառիկ այս գիրքն, որն է հիմնական նպատակը: Այս ամենը Սլավա Մելիքիձե-Ջավախի հետ զրույցում:
-«Ջավախք, Ախալքալաք – մեր հոգու ուրախություն » գիրքը լույս է տեսել այս տարի, ինչու որոշեցիք շարունակել այն:
Ես ծնվել ու մեծացել եմ այստեղ, երկար տարիներ աշխատել ու շփվել մարդկանց հետ: Ես վաղ տարիքից շատ եմ կարդացել, և ինձ հատկապես հետաքրքրում էր վեպերում հերոսների օրագրերը: 7-րդ դասարանից ես ժամանակ առ ժամանակ գրանցում էի իմ կյանքի հետաքրքիր պահերը, իմ ընկերների ու ուսուցիչների մասին: Հետո 2012 թվականին ես որոշեցի գրել ինչ-որ բան, ու ամեն ինչ ավելի խորացավ: Ես սկսեցի նկարագրել բնությունը, ինչպես էին մենք ընկերներիս հետ գնում որսորդության, ձկնորսության, իսկ այնուհետև անցա անձանց բնութագրերին, հիմնականում ես ուշադրություն էի դարձնում այն հանգամանքին, որ այդ մարդիկ աշխատասեր էին, ուժեղ, եռանդուն … Ես սկզբից մտածում էի կլինի 20-30 մարդ, բայց հետո աճեց ու առաջին հերթին գրում էի այն անձանց մասին, ովքեր հեռացել են մեզնից: Հետո մտածեցի, ինչ մեղավոր են այն մարդկիկ, ովքեր կենդանի են, ինչու ենք մենք հիշում մարդուն, երբ մարդը մահանում է: Լավ կլինի, եթե գնահատենք նրան կենդանության օրոք: Հետո ես ուշադրություն դարձրեցի այն փաստին, որ միայն կենսագրական տվյալները ոչինչ չեն տա, ոչ ոք չի կարդա, ու ես որոշեցի գրել դրվագներ նրանց կյանքից, ինչով նրանք հետաքրքիր են:
– Ձեր գիրքը խոսում է հայ-վրացական բարեկամության մասին, սա ձեր նախնական նպատակն էր:
Մեր նախնիները դարեր շարունակ բերել են այդ եղբայրությունը, որը հիմա կա: Ես ունեմ Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի, Կոնստանտին Գամսախուրդիայի, Ակակի Ծերեթելիի և ուրիշների խոսքերիը, ովքեր ասում էին, որ մենք եղբայր ենք, հետևաբար, դրա հիման վրա ես որոշեցի Ախալքալաքի օրինակով ցույց տալ, թե ինչպիսի եղբայրություն ունենք, ինչպիսի փոխհարաբերություններ ունենք: Իմ տատիկը հայ էր, մորաքույրս ամուսնացել է հայի հետ, և որ ամենակարևորն է իմ սիրելի թոռը հայ է:
– Արդյոք ձեր հույսերն առաջին գրքի վերաբերյալ արդարացան:
Ես շատ գոհ եմ: Նրանք (խմբ. ընթերցողները) չեն շտապում գնահատական տալ: Նրանք լավ ընդունեցին, և դա ինձ համար մեծ ուրախություն է: Բացի այդ, ես վերջերս գնացել էի Երևան, հանդիպումներ ունեցա հայտնի մարդկանց հետ: Ես հանդիպեցի Հարություն Խաչատրյանի հետ, նրա մասին նույնպես գրել եմ գրքում, նա գոհ էր: Թեման երկու ազգերին էլ անհրաժեշտ է: Ուր գնաում էի Երևանում, բոլորը ողջունում էին գիրքը: Ես ուղղակի կրկնում եմ այն, ինչ ասել են մեր նախնիները: Ախալքալաքում հայերի և վրացիների մեծամասնությունը արյունակցական կապեր ունեն: Այդ պատճառով մենք ունենք ինտեգրում, մենք միասին գնում ենք հարսանիքների, միմյանց աջակցում ենք վշտի ժամանակ: Մենք ունենք ընդհանուր ավանդույթներ, որոնք վերցված են Երևանից և Թբիլիսիից: Մենք ստեղծել ենք մեր սեփական հետաքրքիր ավանդույթները, մենք ապրում ենք այդ ավանդույթներով և դա մեզ դուր է գալիս:
– Ինչ եք կարծում, այսօրվա դրությամբ փոխվել են արդյոք ազգամիջյան հարաբերությունները:
Կարծում եմ, մեր ժողովուրդները իմաստուն են և ոչինչ չի խանգարի: Ոչ մի բան դեպի վատը չի փոխվել, ընդհակառակը: Վստահությունը ինչպես կար, այնպես էլ մնացել է: Ախալքալաքցիները եղել են և շարունակում են մնալ Վրաստանի հայրենասերները: Դրսի մարդիկ մեր միջավայրին տեղիակ չեն, բայց մի քանի օր հետո գիտակցում են, որ սա ամենախաղաղ անկյունն է:
– Ինչ չեք հասցրել ասել ձեր առաջին գրքում, ինչ է պարունակելու երկրորդը:
Այնքան շատ են նյութերը և գիրքը այնքան լավ ընդունվեց ժողովրդի կողմից, որ ես որոշեցի չկանգնել: Առաջին հերթին, շատերի մասին առաջին գրքում ես չկարողացա գրել: Հաշվի առնելով, որ առաջին գիրքն առաջ բերեց ժողովրդի հետաքրքրությունը, ես որոշեցի թողնել այս գիրքը և թարմացնել այն: Երկրորդ գրքում կլինի այն ամենը, ինչ կա առաջին գրքում, բայց լրացված է և թարմացված: Այժմ այն 433 էջ է, իսկ նոր տարբերակը կունենա մինչ 700 էջ: Ամենակարևորը, ես նաև ուզում եմ անգլերենով գրել, որ գիրքը հայտնի դառնա Սփյուռքում և Եվրոպայում:
– Առաջին գիրքը տպագրվել է 150 օրինակով, քանի օրինակ եք ուզում հրապարակել այս անգամ:
Ես աշխատում եմ գրքի վրա և սցենարի վրա, անպայման ուզում եմ այս գրքի հիման վրա ֆիլմ նկարահանել: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ: Օրինակների քանակը չգիտեմ, դա կախված է ֆինանսներից: Գրքի հրատարակումով հետաքրքրվեց “Mersy Corps”-ը, հույս ունեմ, որ ֆինանսներ կգտնվեն, որպեսզի գիրքը շատերի համար հասանելի լինի, քանի որ կարծում եմ, որ գիրքը չպետք է վաճառվի, այլ պետք է լինի նվեր:
Շուշան Շիրինյան