Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին Ախալքալաքի Շախմատի դպրոցում մեկնարկեց դպրոցականների միջև 6-րդ, իսկ ընդհանուր շրջանային 8-րդ շախմատի մրցաշարը, որին մասնացկում են 42 խաղացող:
Մրցաշարը կշարունակվի երեք օր:
«Առատ ձյան պատճառով այսօրվա հեռավոր գյուղերից երեխաները չեն եկել, քանի որ ճանապարհները փակ են: Սա շրջանի հերթական առաջնությունն է դպրոցականների միջև, քաղաքի ու գյուղերի տարբեր դպրոցներից: Շատ կարևոր է, որ երեխաները շախմատ խաղան, իրենց միտքը մարզեն», – ասաց Ախալքալաքի Շախմատի դպրոցի տնօրեն Վահան Սողոյանը:
Ախալքալաքի Շախմատի դպրոցն այսօրվա դրությամբ 80-ից ավելի սան ունի, որոնք տարածաշրջանային ու միջազգային տարբեր մրցաշարներից վերադառնում են մրցանակներով ու պատվոգրերով: Ըստ Շախմատի դպրոցի տնօրենի, շախմատը Ախալքալաքի շրջանում մարդկանց ամենաշատը հետաքրքրող ու զարգացող խաղերից է: Տարեցտարի ավելանում է շախմատ խաղացող երեխաների թիվը:
Ախալքալաքի Շախմատի դպրոցը նպատակ ունի 2018 թվականին Բարալեթ և Խանդո գյուղերում շախմատի խմբակներ բացել, քանի որ դիմողները շատ են: Սակայն հեռավոր գյուղերից, հատկապես ձմռանը դժվար է հասնել Ախալքալաք, դրա համար էլ ուզում են հենց գյուղերում ստեղծել խմբակներ:
Չորս տասնյակից ավելի դպրոցականների միջև մտքի պայքարին հետևելու էին եկել Ախալքալաքի ժողովի նախագահն ու պատգամավորները:
Շրջանային Ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը գոհունակությամբ նշեց, որ Ախալքալաքում շախմատը զարգացում է ապրում, և ըստ այդմ էլ պետք ուշադրության կենտրոնում պահել այս սպորտաձևը:
«Մենք մյուս տարվա բյուջեում ի նկատի կունենանք, որպեսզի գյուղերում էլ խմբակներ բացվեն: Ախալքալաքում վերջին շրջանում բավականին մեծ են շախմատային հաջողությունները, բոլորովին վերջերս մեր երեխաները Թբիլիսիից վերադարձան 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերով: Եթե երեխաները հետաքրքրված են, ձգտում են լավ խաղալ, ուրեմն պետք է զարգացնել այն: Ավելի շատ ուշադրություն դարձնել, քան նախկինում էր», – ասաց Նաիրի Իրիցյանը:
Ախալքալաքի տարբեր հանրային դպրոցի երեխաների միջև ընթացող հերթական մրցաշարի հաղթողները պարզ կդառնան կիրակի օրը:
Աղունիկ Այվազյան