«Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում մեդիա միջավայրը սիստեմատիկ կերպով վատթարանում էր, ինչը հաստատում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականները»,- ասված է «Մեդիա միջավայրը մայիսի 3-ից մայիսի 3-ը: Նահանջի ժամանակագրություն» ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է «Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան» ՀԿ-ի կողմից:

Կազմակերպության ուսումնասիրությունը ներառել է լրագրողների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ հետաքննության փաստեր, «Մթավարի Արխի»-ի (Գլխավոր ալիք) հիմնադիր Նիկա Գվարամիայի գործը, լրագրողների գաղտնալսումների տասնյակ դեպքերը և այլն։

«Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան» ՀԿ-ի տվյալներով՝ Վրաստանում մեդիա միջավայրը տարեցտարի վատանում է, իսկ լրագրողական գործունեությունը գնալով ավելի վտանգավոր է դառնում։

«Գոյություն ունի իշխանությունների կանխամտածված քաղաքականություն, որի նպատակն է արհեստական խոչընդոտներ ստեղծել անկախ և քննադատող լրատվամիջոցների համար տեղեկատվություն ստանալու գործընթացում, վարկաբեկել լրագրողի մասնագիտությունը և թուլացնել վստահությունը ԶԼՄ-ների նկատմամբ։

Լրատվական միջավայրի բարելավումն ուղղակիորեն կապված է իշխող թիմի քաղաքական կամքի հետ։ Դրա համար առաջին հերթին պետք է բանտից ազատ արձակվի քաղաքական դրդապատճառներով դատապարտված մեդիա-մենեջեր Նիկա Գվարամիան։

Իշխանությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները՝ դառնալ թափանցիկ և հաշվետու, արդյունավետ հետաքննել լրագրողների դեմ կատարված հանցագործությունները և պատժել պատասխանատուներին, դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը ԶԼՄ-ների հասցեին, իսկ պետական պաշտոնյաները պետք է վերացնեն տեղեկատվություն ստանալու և բնակչությանը իրազեկելու գործընթացում արհեստականորեն ստեղծված խոչընդոտները», – ասված է տարածված տեղեկության մեջ։