Նինոծմինդա քաղաքում ձերբակալվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Ախալքալաք հատվածի ռելսերի գողության մեջ մեղադրվող երեք անձ, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանությունը օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ռելսերի գողության մեղադրանքով ձերբակալել է երեք մարդ: Նինոծմինդայում ձերբակալվել է Ե.Մ. ծնված 1968 թ.-ին, Ռ.Դ. ծնված 1971 թվականին և Գ.Գ. ծնված 1971 թվականին: Բոլորը ՍՊԸ «Դեմիրոլ Սերվիս»-ի աշխատակիցներ են, որը Վրաստանում կառուցում է երկաթուղի:
Հանցագործությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Նինոծմինդա քաղաքի հարակից տարածքում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հինգշաբթի օրը:
Գողացված ռելսերը բռնագրավվել են որպես հանցագործության իրեղեն ապացույց:
Այդ մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության» հոդվածով, որը սահմանում է պատիժ 4-ից 7 տարի ազատազրկում:
Շուշան Շիրինյան