Ախալքալաքի նոր քաղաքապետը ունի երկու տեղակալ. մեկը նորանշանակ Սամցխե-Ջավախքում Հանրային պաշտպանի նախկին ներկայացուցիչ Արմեն Մարանգոզյանն է, իսկ առաջինը` Շալվա Բալախաձեն, որն արդեն 10 տարի է Ախալքալաքի ինքնակառավարման գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում է: Ախալքալաքի վարչությունում կա 15 թափուր աշխատատեղ:

Շրջանային վարչությունում կադրային փոփոխությունները սկսվեցին Ախալքալաքի Շրջանային վարչության երկրորդ տեղակալի փոփոխմամբ:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, Շրջանային վարչության ապարատում կա մոտ 15 թափուր տեղ:

« Արդեն սկսվել է գյուղական մասնագետների մրցույթը, երկու օր առաջ մրցույթ հայտարարվեց, բայց մեզ համար անհայտ պատճառներով այն դադարեցվեց, բայց երևի մի քանի օրից կվերսկսվեն », – ասաց Յուրիկ Ունանյանը:

Նրա խոսքերով, գյուղական մասնագետների մրցույթն ավարտվելուց հետո թափուր աշխատատեղերի՝ մասնագետների մրցույթ կհայտարարվի Շրջանային վարչության տարբեր ծառայություններում, որտեղ կա մասնագետների 8-10 թափուր աշխատատեղ:

Նշենք որ գյուղերի և քաղաքի լիազորները աշխատում են պայմանագրով:

Շուշան Շիրինյան