Ախալքալաքի բազմահարկ շենքերի վերին հարկերի բնակիչները, ջրատար խողովակներում ճնշման բացակայության պատճառով, զրկված են ջրից:
Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքերի բնակիչները բողոքում են ջրի բացակայությունից: Բազմահարկ շենքի բնակիչներից մեկի խոսքերով, արդեն չորս օր է ջուրը չի բարձրանում երրորդ հարկ:
«Ես ջրատարի վրա ունեմ պոմպ, բայց միևնույնն է ջուրը չի բարձրանում: Ես առաջին հարկից եմ կրում ջուրը: Ձմռանը մենք ջուր չունենք ճնշման պատճառով, ամռանը՝ քանի որ դաշտերի ոռոգման սեզոնն է: Գարնանը և աշնանը միշտ վթարներ են: Ստացվում է, որ մենք երբեք ջուր չունենք», – դժգոհում է նա:
Քաղաքում ջրի պակասը զգացվում է ինչպես քաղաքի հարավային մասում գտնվող բազմահարկ շենքերում, այնպես էլ՝ քաղաքի կենտրոնի և նաև նախկին զինվորական ավանի շենքերում:
Վրաստանի Միասնական ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում հրաժարվեցին մեկնաբանելուց, պատճառաբանելով որ իրենց արգելված է, և տվեցին կենտրոնական գրասենյակի հեռախոսահամարը:
Մեր հեռախոսազանգին տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցը, ով չներկայացավ, ասաց հետևյալը.
«Մենք ստուգում ենք Մաշտոցի և Ռուսթավելիի ջրամատակարարման գծերը: Աշխատում ենք և նույնպես ուզում ենք, որ մարդիկ որակյալ ջուր ունենան և հուսով ենք, որ այսօր ամեն ինչ կկարգավորվի: Մենք աշխատում ենք ջրախողովակներում ճնշումը բարձրացնելու ուղղությամբ: Ջրագծերը հին են, անհնար է վերացնել խնդիրները առանց անջատման», – պատասխանեց աշխատակիցը:
Շուշան Շիրինյան