Նոնա Գափրինդաշվիլիի անվան 2017 թվականի գավաթի միջազգային մրցաշարում Ախալքալաքի Շախմատի դպրոցի սաները 2-րդ և 5-րդ հորիզոնականներ են զբաղեցրել, այդպիսով Սամցխե-Ջավախք տարածաշրջանում Ախալքալաքը լավագույն արդյունքն է գրանցել:
2017 թվականի նոյեմբերի 12-21-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Նոնա Գափրինդաշվիլիի անվան գավաթ-2017, որը իրենից միջազգային մրցաշար է ներկայացնում: Այն բաժանված էր երկու խմբի՝ A և B կարգերի: Խաղերը անցան շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մրցաշարին հանդես եկան շախմատի միջազգային գրոյսմաստերներ, միջազգային վարպետներ:
Ախալքալաքի Շախմատի դպրոցը Նոնա Գափրինդաշվիլիի անվան գավաթ-2017 մրցաշարին մասնակցել է 3 հոգով, որոնցից 2-ը պատվավոր հորիզոնականներ են զբաղեցրել: B խմբում Ախալքալաքի Շախմատի դպրոցի մարզիչ Ռաֆիկ Գուրջինյանը գրավել է 5-րդ հորիզոնական և 300 լարի դրամական պարգև է ստացել: Իսկ Դավիթ Չախալյանը A խմբում զբաղեցրել է 2-րդ հորիզոնական և ստացել 200 լարի դրամական պարգև: Ընդհանուր մրցաշարի ֆինանսական ֆոնդը կազմել է 45 000 լարի: Նինոծմինդան ևս մասնակցում էր 3 հոգով, նրանցից Դավիթ Սահակյանը գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը:
Ռաֆիկի համար այս հաղթանակը պարտավորեցնող էր. «Նպատակիս ևս մեկ քայլ մոտենալու հաջող քայլ էր: Քանի-որ ես մարզիչ եմ, իմ երազանքն է այնպիսի աշակերտ մարզել, ով կարողանա շախմատում բարձունքի հասնել: Այս հաղթանակը ինձ պարտավորեցնում է ավելի ձգտված աշխատել»,- ասաց Ռաֆիկ Գուրջինյանը:
Ախալքալաքցի շախմատիստները մրցաշարում աչքի են ընկել իրենց որակյալ խաղով: «Մրցաշարը սկզբից մի քիչ անհաջող ստացվեց մեզ համար, բայց երկրորդ տուրից հետո մեր սաները աչքի ընկան իրենց որակյալ խաղով: Ես գոհ եմ մեր տղաների ելույթից, իրենց խաղացած պարտիաներից, որոնց համապատասխանաբար իրենց տարիքային խմբերում գրավեցին մրցանակային տեղեր», – ասաց Ախալքալաքի Շախմատի դպրոցի տնօրեն Վահան Սողոյանը:
Աղունիկ Այվազյան