Բուռնաշեթի բնակիչները միաբերան բուժքույր են պահանջում: Արդեն 20 տարի է գյուղում տարրական բժշկական ծառայություններ չի իրականացվում: Մարդիկ հասարակ մի սրկսման համար ստիպված հասնում են քաղաք:
Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղը մոտավոր 100 տնտեսություն ունի, սակայն գյուղում ոչ միայն աշխատող բուժքույր ու բուժկետ չկա, այլև տարիներ շարունակ մասնագետ չկա, որ գոնե անհրաժեշտության դեպքում դիմեն:
«Բուժկետ չունենք, անհապաղ մեզ պետք է բուժքույր: Մարդը մի հասարակ բանի համար ուզե-չուզե պետք է հասնի քաղաք կամ շտապօգնություն զանգի: Գոնե տեղում առաջին օգնություն կարողանանք ստանալ: Նախկինում բուժկետ ունեցել ենք, հիմա՝ ոչ, սա շատ կարևոր խնդիր է, մնացած բոլոր խնդիրները երկրորդական են: 20 տարի անտեսված ապրում ենք, հասարակ մի բան՝ քիթդ արյունահոսում է, պարտադիր պիտի հիվանդանոց գնաս, որովհետև ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- ասաց գյուղի բնակիչ Հայկանուշ Հարությունյանը:
Փոքրիկ Մարտիրոսը լսելով մեր խոսակցությունը, ոգևորությամբ սկսեց պատմել թե ինչպես է հեծանիվից ընկել, ու մի ժամ գյուղում չեն կարողացել արյունահոսությունը դադարեցնել, մինչև քաղաքից շտապօգնությունը չի եկել:
«Ավառիա էի եղել, արյուն էր գալիս, բոլորը հավաքվել էին, քաղաքից բժիշկն եկավ կտրեց»,- երեխային հատուկ անմիջականությամբ ու ոգևորությամբ պատմեց Մարտիրոսը:
Հեռավոր գյուղի բնակիչները նշում են, որ հարևան՝ Ազավրեթ գյուղում բուժքույր կա, բայց նա չի հասցնում: Եվ միայն պլանավորված սրսկումները բավարար չէ: Այդքանով սահմանափակվելը սխալ մոտեցում է:
«Ազավրեթ բուժքույր կա, այդ մարդը ինչքան կարող է մեր գյուղ գա: Ամեն տարի սպասում ենք, որ մի բան կփոխվի, որ վերջապես բուժքույր կուղարկեն և մեզ կհիշեն, բայց իզուր: Մինչև բժիշկը քաղաքից գյուղ է հասնում, մարդը մեռնում է: Շտապօգնությունը մինչև հասնում է մի ժամ է տևում», – ասաց Սվետլանա Ավագյանը:
Տիկին Սվետլանան դիմում է շրջանի ղեկավարությանը, պահանջով, որ ուշադրություն դարձնեն հեռավոր գյուղերին: Մատնանշելով իրենց գյուղի երկու կարևոր խնդիրները՝ գյուղում բուժկետ բացելու և աղբահանության հարցը:
«Հիմնական մեր բողոքը բուժկետի համար է, դեմը ձմեռ է, ճանապարհները փակվում են, ամեն ինչ դժվարանում է: Մարդ ես ու մի բան պատահի, ինչ ենք անելու: Ասենք ես հնարավորություն ունեմ սեփական մեքենայով մի կերպ հասնեմ հիվանդանոց, մյուսը չունի, ի՞նչ անի: Խնդրում եմ, ուշադրություն դարձնեն աղբահանության խնդրին, հիմա դեռ լավ է, ցրտերն ընկել է, ամառվա շոգին աղբից տարածվող գարշահոտությանը դիմանալ է պետք: Իսկական խոլերիայի բուն է»,- նշեց Բուռնաշեթ գյուղի բնակիչ Սվետլանա Ավագյանը:
Հարկ է նշել, որ ընդամենը 14 բժիշկ է հսկողություն իրականացնում Ախալքալաքի շրջանի գուղերում: Մի բժշկին մոտավոր 5-6 գյուղ է բաժին հասնում: Շրջանի 7 տասնյակից ավելի գյուղերից ընդամենը 39 գյուղ բուժքույր ունի, իսկ նրանցից էլ ընդամենը կեսն ունեն բուժկետ: Փաստ է, որ երկար տարիներ անընդմեջ շրջանի բազմաթիվ գյուղեր մնացել են առանց առաջին օգնականի՝ բուժքրոջ:
Աղունիկ Այվազյան