Անիվարդ Մոսոյանը որպես Նինոծմինդայի քաղաքապետ անցավ իր պարտականությունների կատարմանը: Նա գիտակցում է, որ որպես կին կունենա դժվարություններ, սակայն նա վստահ է իր թիմի վրա: Նինոծմինդայի շրջանում առանձնահատուկ փոփոխություններ չեն նախատեսվում:
Սամցխե-Ջավախքի միակ կին-քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը 4 տարի ղեկավարելու է Նինոծմինդայի շրջանը: Ընտրությունները Անիվարդը հաղթել է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության կազմում, ստանալով քվեների 75%-ը:
Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974 թվականին, այն ժամանակ Բոգդանովկայում: 1991 թ.-ին ավարտել է Նինոծմինդայի №2 միջնակարգ դպրոցը: 1996 թ.-ին ավարտել է Երևանի տնտեսա-իրավաբանական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: 2000 թ.-ին ավարտել է Գաենաթի համալսարանը Թբիլիսիում: Մասնագիտությամբ նա հոգեբան է, և վրացերենի ուսուցիչ:
Նինոծմինդայի նորընտիր քաղաքապետի աշխատանքային փորձը բավականին մեծ է: Նա 1994 թ.-ից մինչ օրս աշխատում է որպես վրաց լեզվի ուսուցիչ Նինոծմինդայի №3 միջնակարգ դպրոցում: 2008-2009 թվականներին Նինոծմինդայի N3 դպրոցի տնօրենն է եղել: 2009-2011 թվականներին աշխատել է Նինոծմինդայի շրջանի կրթական Ռեսուրս կենտրոնի տնօրեն: Եվ սկսած 2014 թ.-մինչ օրս եղել է Նինոծմինդայի Շրջանային ժողովի պատգամավոր: Նա ղեկավարում էր սպորտի և մշակույթի հանձնաժողովի խմբակցությունը: Տիրապետում է երեք լեզուների` վրացերեն, ռուսերեն և մայրենի լեզվին` հայերենին: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Մեր հարցին, թե պատրաստ է արդյոք նոր քաղաքապետը հայրապետական հասարակության մեջ կին-առաջնորդի սպասվելիք դժվարություններին, Անիվարդը պատասխանեց:
«Ես ավելի քան համոզված եմ, որ որպես կին, դժվարություններ եմ ունենալու, սակայն վստահ եմ իմ թիմի վրա: Ես վստահ եմ իմ վրա, քանի որ ծանոթ եմ քաղաքապետարանի աշխատանքին, 4 տարի աշխատել եմ այստեղ, համոզված եմ իմ ունակությունների և իմ թիմի գործունեության մեջ», – պատասխանեց Անիվարդ Մոսոյանը:
Նոր քաղաքապետը դեռևս որևէ փոփոխություն չի նախատեսում: «Ես պատրաստվում եմ աշխատել իմ ծրագրի համաձայն, ըստ գրաֆիկի: Կշարունակեմ այն բոլոր ծրագրերն ու գործողությունները, որոնք մեր քաղաքապետարանը իրականացնում էր, իսկ մնացածը կպլանավորվի իմ և իմ թիմի կողմից: Բնականաբար, առաջնայինը 2017 թվականին սկսած ենթակառուցվածքային նախագծերն են, որոնք մենք կշարունակենք: Իսկ հետագայում մենք նախատեսում ենք կրթության, նախադպրոցական կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում: Իսկ հետո կտեսնենք: Այժմ ոչ մի փոփոխություն Գամգեոբայի կազմում չի նախատեսվում», – ասաց Անիվարդ Մոսոյանը:
Քրիստինե Մարաբյան