Արդեն մեկ ամիս է ինչ Ախալքալաքում ընթանում են կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները։
Կարտոֆիլի պահանջարկի և առաջարկի տարբերությունից ելնելով գնային աճ է նկատվում։ Եթե 2016 թվականին հողագործները դժգոհում էին կարտոֆիլի պահանջարկի պակասից, այս տարի` ցածր բերքատվությունից։
«Կարտոֆիլը հոլանդական է, և համեմատած անցած տարվա բերքի քանակի հետ, այս տարի ավելի քիչ է, սակայն ելնելով տարվա անբարենպաստ պայմաններից, կարելի է ասել բերքատվությունը լավ է։ Մեկ կիլոգրամ կարտոֆիլը 70-ից 80 թեթրի է, իսկ անցած տարի ամենաբարձր գինը եղել է 50 թեթրի», – մեզ հետ զրույցում ասաց հողագործը, ով չցանկացավ ներկայանալ։
Հիմնականում ամենաշատ տուժում են հասարակ գյուղացիները: Եթե հողագործը, ով մշակում է մեծ ցանքատարածքներ, հող է վերցնում վարձակալությամբ, կամ գնում է ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներում, ապա հասարակ գյուղացին մշակում է սեփական հողը:
«Բերքատվություն բացարձակապես չկա, ինչքան որ ցանել ենք այդքան չենք էլ հանել։ Երկու տարբեր տեղեր ենք ցանել՝ 10 և 20 հար, մի դաշտի տեղը հարմար էր, կարողացանք ջրել, իսկ մյուսը չենք ջրել։ Ջրած արտից ընդամենը 17 պարկ կարտոֆիլ ենք հանել, իսկ չջրածը մի քիչ քանդեցինք, տեսանք, որ բացարձակապես բերք չկա, էլ չքանդեցինք: Տրակտորիստի գումարը անգամ չէր հանի։ Էլի եղել են տարիներ, որ չենք ջրել, բայց գոնե միջին քանակի ու որակի կարտոֆիլ ենք ունեցել, այս տարի բացի եղանակային վատ պայմաններից նաև մուկն է կերել», – մեզ հետ զրույցում ասաց Տիկին Ասյան, ով կարտոֆիլ է մշակում միայն կենցաղային օգտագործման համար։
Կարտոֆիլի դաշտում առաջինը, որ աչքի է ընկնում, կարտոֆիլի սպիտակ պարկերն են: Ակնթարթում լցվող դույլերը դատարկվում են այնքան արագ, որ անգամ չես կողմնորոշվում նկարես, նայես, թե հարցերդ ուղղես:
Միակ բանը, որ այդ պահին կարող ես անել, դա լռելն ու լուռ աշխատանքին հետևելն է։
«Անցած տարի բերքն ավելի շատ էր, այս տարի չորային էր, ինչը նպաստեց բերքի քիչ լինելուն։ Ով ժամանակին երկու անգամ ջրել է, կարելի է ասել անցած տարվա նման բերք է ստանում։ Տարբեր է նաև գնային առումով՝ եթե 2016 թվականին կարտոֆիլը արժեր 35 թեթրի, այս տարի 70-80 թեթրի է։ Նույն վիճակն է նաև հարևան երկրներում, բերքը քիչ է, գինը բարձր, հիմնականում իրացնում են երկրի տարածքում։ Չորային տարվա միակ դրական կողմն այն է, որ կարտոֆիլի հիվանդությունները չզարգացան, և այս տարի այն առավել առողջ է», – ասաց Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի շրջանի ինֆորմացիոն-խորհրդատվական ծառայության ղեկավար Ռամազ Գոգոլաձեն:
Չնայած Կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի վերջացել, և հստակ բերքատվությունը գնահատել հնարավոր չէ, այնուամենայնիվ գյուղատնտեսների բողոքի առիթ միշտ էլ լինում է՝ մի տարի պահանջարկ չի լինում, առաջարկ է լինում, իսկ հաջորդ տարում հակառակը։
Ջուլիետա Տոնականյան