Կարեն Գրքիկյանը Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից է։ Նա արդեն 10 տարի է ծառայում է Հայոց բանակում։ Կարենը մասնակից է եղել և՛ ապրիլյան քառօրյաին, և՛ 44-օրյա պատերազմին։
Կարենը դպրոցն ավարտելուց հետո վստահաբար ընտրել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտը, այն համարելով ամենալավը՝ մյուս ուսումնական հաստատությունների համեմատ։
Մեր հերոսը յուրաքանչյուր հայի պարտքն է համարում ծառայել հայրենիքին, պատերազմի ժամանակ պայքարել ու կռվել հանուն հայրենիքի։
«Պատերազմը չի ավարտվել և չի էլ սկսվել, այս պատերազմը միշտ էլ կա, վախն ու մտահոգությունը միշտ կա։ Եթե հայ ես զգում քեզ, պետք է գնաս, կապ չունի զինվորական ես, թե սովորական գյուղացի», – ասում է նա։
Պատերազմի սկզբում Կարեն Գրքիկյանը Ջաբրաիլում է եղել, այնուհետև պայքարը շարունակել է Հադրութում և հասել մինչև Շուշիի մատույցներ։ Կարենը զինվորականին հատուկ զսպվածություն ունի, շատ բան չի պատմում պատերազից, իր ծառայությունից կամ կատարած հերոսություններից։
«Պատերազմը արդեն սպասելի էր, որովհետև իրավիճակը այն կարգի էր հասունացել, որ մի տեղից պետք է ժայթքեր։ Պատերազմը որ սկսվում է, ուրիշ ոչ մի բանի մասին չես կարող մտածել, անջատվում ես այս կյանքից և մտնում՝ այդ կյանքի մեջ։ Պատրաստվել էինք, որ հաղթելու էինք, բայց, երբ Ջաբրաիլից հետ եկանք, հասկացանք, որ ուժերի հարաբերակցությունը գերազանցում է»,- պատմում է նա։
Ընկերների մասին խոսելիս Կարենը խորը շունչ է քաշում և հայացքը խոնարհում։ Նրա ընկերների զգալի մասը զոհվել է այս պատերազմում։
«Իմ ընկերներին 90%-ը հիմա չկա, դա բնական է, կռիվ է, զոհերը անխուսափելի են, ցանկացած կռվի մեջ լավ բան չկա։ Իմանում ես, որ ընկերդ է զոհվել, կամ զինվորդ է զոհվել, բայց այդ ժամանակ ոչ մի բան չես զգում, քանի որ այդ ժամանակ այնքան զբաղված ես լինում, որ չես հասցնում մտածես, կամ զգաս: Հետո զգում ես նրանց պակասը, երբ տեսնում ես նրա ընտանիքի անդամներին՝ կին, երեխա և այլն, այդ ժամանակ զգում ես ամենախորը ձևով»,- ցավով ավելացնում է Կարենը։
Կարենը հպարտությամբ է խոսում հայ զինվորների քաջագործությունների մասին, թե ինչպես են 18 տարեկան տղաները պայքարել, պատերազմի ընթաքում առանց վարանելու հարձակումները նրան, թե ուրախանոլու, թե հպարտանալու առիթ է տալիս։
«Եթե զինվորը պատերազմ չի տեսել, չի պատկերացնում, զինվորը ձգտում է օրինախախտ լինել, չծառայել, բայց պատերազմի ժամանակ ցանկացած զինվոր, թե՛ գիտակցաբար, թե՛ անգիտակցաբար մեծ ջանք է գործադրում, ամեն ինչ անում է, ամեն ինչ ներդրում է, անհնարինն է անում։ 18 տարեկան զինվորը այսօր կռվել է ամենաբարձր մակարդակով, 92 թվի կռվածներից էլ լավ է կռվել, չի փախել, չի երկմտել, ոչ մի քայլ հետ սկզբունքով կռիվ է տվել մինչև վերջ», – վստահեցնում է Կարեն Գրքիկյանը։
Վեց տարի Կարենն ապրել է Ջաբրաիլում, այդ ընթացքում հասցրել է բազմաթիվ ընկերներ ունենալ, որոնց հիմա էլ զոհվելուց հետո ողջ է համարում։
«Ջաբրաիլում ապրել ենք այն միջավայում, այն ընկերական շրջապատում, որ ոչ մի տեղ չես գտնի նման բան, ես այնպիսի ընկերներ եմ ունեցել, որ ոչ մեկի հետ չեմ փոխի, իրենք հիմա ճիշտ է չկան, բայց էլի իմ ընկերներն են, անհամեմատելի են, չորս տարի միասին սովորել ենք, հետո վեց տարի նույն տան մեջ ապրել», – պատմում է նա։
Զինվորի կարգապահության համաձայն նա պատերազմի ամբողջ ընթացքում տուն զանգելու համար գրաֆիկ է սահմանել, մի անգամ զանգել առավոտյան, մի անգամ էլ երեկոյան։ Եթե չզանգահարեր, ապա ընտանիքի անդամները նրան ինչպես ինքն է ասում «կգնդակահարեին»:
«Ժամանակ էինք գտնում ու զնագում էինք, այդ ժամանակը ունեին նաև բոլոր զինվորները։ Ինձ համար ավելի հեշտ է եղել այն, որ ընտանիքս հեռու է եղել, դա մի տեղ, մի պահ ուրախալի էր, նրանց հեռու լինելն արդեն սովորական է դարձել։ Մայրս միշտ հարցնում էր՝ հաց կերել ես, որտեղ ես քնել, ես միշտ էլ ասել եմ՝ ծառայության վերաբերյալ հարցեր չտաք, չնայած, որ մայրս մի երկու հարց էլի տալիս էր», – ծիծաղելով հավելում է Կարենը։
Կարենն ամեն վայրկյան, ամեն պահի պատրաստ է նորից կռվելու ու պայքարելու, կորցրած հայրենիքը ետ բերելու։ Ինչպես ինքն է նշում ամբողջ աշխարհը տեսավ, որ թուրքի մոտ ոչինչ չի փոխվել, նույնն է մնացել և այդ ազգը իրենից ոչինչ չի ներկայացնում, դրա համար էլ ուրիշների ուժին դիմեց։
«Այս կռվում ոչ մի դրական բան չեղավ: Ինչ ունեինք հիմա չունենք․․․»:
Պատերազմի ավարտից միայն չորս ամիս անց նա կարողանում է վերադառնալ հայրենի գյուղ։ Ջավախքում Կարենին մեծ շուքով են դիմավորում։
«Մարդը որտեղ ծնվում ու մեծանում է, այդ հողը երբեք չպետք է մոռանա, ինձ համար դա շատ կարևոր է։ Ես հպարտ եմ, որ ծնվել եմ Ջավախքում ու հայ եմ։ Եթե մարդ ամաչեց, խուսափեց կամ չխոստովանեց, որ ինքը հայ է, կամ իր ծննդավայրը մոռացավ, այդ տեսակ մարդը ամեն ինչ էլ կարող է մոռանալ», – ասում է Կարեն Գրքիկյանը։
Կարենի հետ հարցազրույցի ընթացքում մայրը ուշի ուշով հետևում էր որդու պատասխաններին։ Երևում էր նրա անհանգստությունը։ Ամբողջ ընթացքում ընտանիքով շատ անհանգիստ են եղել, հույսը դնելով միայն Աստծո վրա սպասել են։
«Մոր համար շատ ծանր է, չես կարող ամուր կանգնել ոտքերիդ վրա, հասկանալով որ, որդիդ գտնվում է այսքան սարսափելի ու անհավասար պատերազմի մեջ։ Ինքը նաև մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, մենք ճիշտն ասաց դա դեռ չէինք մարսել, և սկսվեց այսպիսի ծանր պատերազմ։ Ամբողջ աշխարհը կույր ու համր ձևացավ, կարծես ոչ մի բան չկար, հայ ազգը մնաց մութի, խավարի մեջ, 44 օր ամբողջ աշխարհը տեսավ ու լռեց։ Այս անհավասար պատերազմում ես կարող եմ ասել, որ մենք չենք պարտվել, մենք հաղթել ենք, հայ ազգը կռվել է գերտերության հետ, Թուրքիայի նման մեծ պետության դեմ և գումարած մի քանի պետությունների», – ասում է Կարենի մայրը՝ Լաուրա Գրքիկյանը։
Գրքիկյանի մայրը շատ հպարտ ու ուրախ է, որ ունի նրա նման որդի։
«Երբ վերցնում էի հեռախոսը, որ զանգեի, ամբողջ մարմնովս սառսուր էր անցնում, մտածում էի զանգեմ, իմ բալան է պատասխանելու, թե ուրիշը, բա որ զանգը չգնա, կամ մի օր ուշանա։ Արցունքներս չէի կարող զսպել, բայց ասում էի, որ ուրախությունից եմ լացում։ Երանի բոլորի զավակները տուն դառնային, ոչ մի մայր սև գլխաշոր չկապեր, ոչ մի հարս ու աղջիկ որբևայրի չդառնային, թող բոլորն էլ իմ նման ուրախության արցունքներ թափեին»,- հուզմունքը զսպելով ասում է Լաուրան։
Ապրիլյան պատերազմից հետո Կարենը արժանացել է «Դրաստամատ Կանայան» մեդալի։
Գայանե Ակոջյան