Ախալքալաքի շրջանում ակտիվ կերպով սկսվել է բերքահավաքը, բացառություն չէ նաև Գոման գյուղը:

Գոմանը Ախալքալաքից 14 կմ հեռավորության վրա է գտնվում, ծովի մակարդակից 1850 մ. բարձրության վրա: Ինչպես շրջանի մյուս գյուղերում, այնպես էլ Գոմանում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, գյուղ տանող ճանապարհին երկու կողմից երևում են կարտոֆիլով լի սպիտակ պարկերը, որոնք գյուղացիները դժվարությունով են հասցնում տուն, ոմանք դա անում են մեքենաներով, ոմանք էլ կենդանիների օգնությամբ:

Kartofil 10

Այստեղ մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է, իսկ տղամարդիկ հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի, բերքահավաքի ժամանակ դժվար գործերը երբեմն բաժին են ընկնում կանանց և երեխաներին:

traktor rebyonok

Գյուղատնտեսները նշում են, որ այս տարի բերքը համեմատած անցած տարվա հետ ավելի քիչ է:

Kartofel 5

kartofel1

Այս տարի բերքահավաքը սկսվել է համեմատաբար ավելի ուշ, պատճառը եղանակային վատ պայմաններն են, գյուղացու աշխատանքը զգալիորեն բարդացել է երկարատև անձրևների պատճառով: Հողը դեռ խոնավ է, իսկ հողագործները չեն կարող սպասել, քանի որ մտավախություն կա, որ եղանակը կարող է անսպասելիորեն վատանալ:

kartofel 8

Բնակիչներից ոմանք փորձում են բերքը հողից հանել տեխնիկայով, ոմանք էլ բահի օգնությամբ: Վերոն Մարտիրոսյանը մշակում է 16 ար կարտոֆիլ, բերքը հողից հանում է տեխնիկայով, նշում է՝ տեխնիկա գտնելը բարդ է, քանի որ այն գալիս է հարևան՝ Օլավերդ գյուղից, տեխնիկան մեկն է, իսկ բերքը հավաքել ցանկացողները՝ շատ:

«Անձրևները դժվարացրեցին աշխատանքը, բայց բացի դրանից վնաս հասցրեցին նաև կարտոֆիլին, քանի որ խոնավությունից բերքը սկսեց փչանալ, ստիպված ենք նախօրոք մաքրել հողը, որ հնարավոր լինի տեխնիկայով բերքը հողից հանել: Քանի որ մեծ հողատարածք չունեմ բանվորների կարիք չի զգացվում», – ասում է Գոման գյուղի բնակիչ Վերոն Մարտիրոսյանը:

kartofel 2

Մեկ այլ գյուղացու խոսքով, իրենք հույս ունեն, որ այս տարի ավելի բարձր գնով են վաճառելու այն կարտոֆիլը, բայց իրենց գյուղում բերքատվությունը գոհացուցիչ չէ:

«Անցած տարի որոշ գյուղերում ստիպված էին բերքը թափել, կարտոֆիլի գինը ոչ թե ցածր էր, այլ պարզապես չէր վաճառվում: Հիմա էլ կարտոֆիլ չկա, բայց գինը բարձր է»:

kartofil3

Գոմանում բերքահավաքը ակտիվ ընթացքի մեջ է: Այստեղ դեռ նոր-նոր են սկսել հավաքած բերքը հենց հողամասից վաճառել:

Kartofil 9

Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի վաճառքի գինը մշտապես խնդիր է: Երբ կարտոֆիլը առատ է, գինը ցածր է լինում, իսկ երբ չի լինում՝ գինը բարձրանում է:

Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցներից մեկը կարտոֆիլագործությունն է, որին մասնակցում են ամբողջ ընտանիքով, ֆիզիկապես ծանր աշխատանք կատարելով:

Լիդա Ալմասյան