Որոնք են Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցիխեում և ամբողջ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:
Ախալքալաք
Ախալքալաքի շրջանում համամասնական համակարգով առաջին տեղը ձայների 60.44% հաղթել է «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, այն ամբողջ շրջանում հավաքել է ավելի քան 11527 ձայն:
Երկրորդ տեղում է «Դավիթ Թարխան Մոուրավին, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի Հայրենասերների դաշինք» դաշինքը՝ 26,63%, հավաքելով՝ 5079 ձայն:
Երրորդ տեղում է «Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան» 4,96%, հավաքելով՝ 946 ձայն:
Նվազագույն բարիերը` 4%-ով անցել է նաև «Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքը (4,2%):
Ամենայն հավանականությամբ, Ախալքալաքի Շրջանային ժողովը բաղկացած կլինի այս չորս կուսակցությունների պատգամավորներից: Ըստ մեր նախնական հաշվարկների Սակրեբուլույում` «Եվրոպական Վրաստանից» և «Ազատ Վրաստանից» կմտնեն մեկական պատգամավոր, «Դաշինք»-ից հինգ պատգամավոր, իսկ մնացած 30 պատգամավորը`«Երազանք»-ից:
Մնացած երեք կուսակցությունները («Ազատությունը-Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը», «Միասնական ազգային շարժումը» և «Շալվա Նաթելաշվիլին-Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն» կուսակցությունները) միասին հավաքել են ընտրողների ձայների 4%-ը:
Ինչ վերաբերում է մեծամասնական պատգամավորներին, ապա 23 մեծամասնական ընտրատարածքներից միայն Կարտիկամի շրջանում է հաղթել «Դաշինքի» թեկնածու Գենադի Էլիզբարյանը, հավաքելով 50,8%, 919 ձայն: Իսկ մյուս բոլոր շրջաններում հաղթել են «Երազանքի»-ի թեկնածուները որոշ տեղերում զգալի առաջ լինելով, որոշ տեղերում մի քանի ձայնի տարբերությամբ:
Ախալքալաքի քաղաքապետը, ըստ տվյալների, դառնում է «Երազանքի» թեկնածու` Յուրիկ Ունանյանը: Նա հավաքել է քվեների 58,62%-ի, ավելի կոնկրետ` 11221 ձայն:
Հավաքված ձայների քանակով երկրորդ տեղում է «Դաշինքի» թեկնածու Սամվել Պետրոսյանը: Նա հավաքել է 6186 ձայն, 32.32%:
Մելիք Ռաիսյանը «Ազատ Վրաստան» դաշինքից` 5,29%:
Հարություն Ալեքսանյանը «Եվրոպական Վրաստան» դաշինքից` 2.66%:
Գտնվել են մարդիկ, ովքեր քվեարկել են տեղացիների համար անհայտ երկու թեկնածուների օգտին: Այսպիսով, Զուրաբ Օզգեբիշվիլիին տրվել է 176 ձայն, իսկ Ռուբեն Մկրտչյանին` 38:
Նինոծմինդա
Տվյալների համաձայն Նինոծմինդայի Սակրեբուլո կմտնեն երեք կուսակցությունների պատգամավորներ: «Երազանքը» հավաքել է 79,68%, «Դաշինքը»` 9,1%, իսկ «Եվրոպական Վրաստանը»` 5,88%: Մնացած 4 կուսակցությունները չեն հաղթահարել 4% շեմը:
Նինոծմինդայում մեծամասնական համակարգով ընտրություններին բոլոր 10 մեծամասնական ընտրատարածքներում հաղթել են «Երազանքի» թեկնածուները, հետաքրքիր է նշել, որ երկու ընտրատարածքներում «Երազանքի» թեկնածուները չունեին հակառակորդներ:
«Երազանքից» քաղաքապետի թեկնածու Անիվարդ Մոսոյանը հավաքել է 8518 ձայն` 75.35% և առաջին տեղում է:
Նրա հիմնական հակառակորդը, «Դաշինքից» Գրիգոր Մխիթարյանը հավաքել է 1783 ձայն, 15,77%:
Երրորդը ձայների քանակով «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արայիկ Բդոյանն է, ով հավաքել է 653 ձայն` 5.78%:
Չորրորդ թեկնածուն «Ազատ Վրաստան» կուսակցությունից` Մամիկոն Սահակյանն է, հավաքել է 350 ձայն, ինչը կազմում է ընտրողների ձայների ընդհանուր թվի 3,1%:
Ախալցիխե
Ախալցիխեի Սակրեբուլոն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի երեք կուսակցությունների պատգամավորներից` «Երազանք», «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան»: 19,5% հավաքել է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, 9,97%` «Միասնական ազգային շարժումը», 65,62%-ը «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը:
Ախալցիխեում մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվեցին նույնպես «Երազանքի» թեկնածուները, բոլոր 16 շրջաններում հաղթանակ տարան նրանց ներկայացուցիչները:
69,24%-ով հաղթեց Զազա Մելիքիձեն` իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն: Երկրորդը՝ նախկին պատգամավոր, «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Զազա Չիտաշվիլին է, ստացել է քվեների 20,23%-ը:
Ընդհանուր տվյալներ
Վրաստանի ողջ տարածքում «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանը» ստացել է քվեների 55,73%-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, ստանալով քվեների 17,07%-ը: Երրորդ տեղը զբաղեցնում է նախկին «Ազգայինները», «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը` 9,18%: «Դաշինքը» ստացել է քվեների 5,63%-ը:
Թբիլիսիի քաղաքապետ դարձավ «Երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն, ով հավաքել է 51,12% ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին, ով ստացել է քվեների 17,49%-ը: