Վրաստանի ՆԳՆ Քվեմո-Քարթլիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել երկու անձի՝ 1984 թվականին ծնված Ռ.Ի.-ին և 1990 թվականին ծնված Է.Ի.-ին։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլո գյուղի թիվ 69 ընտրատեղամասում ապօրինի քվեաթերթիկներ է լցրել քվեատուփի մեջ։ Այս փաստի կապակցությամբ Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովի հրամանով թիվ 69 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցվել է, իսկ քվեարկության արդյունքները չեղյալ են հայտարարվել։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները բերման են ենթարկել Ռ.Ի.-ին և Է.Ի.-ին՝ մեղադրյալների կարգավիճակով»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 164-րդ պրիմ հոդվածով, որը ենթադրում է ընտրությունների հետ կապված փաստաթղթերի՝ ընտրողների ցուցակների, արձանագրությունների, քվեաթերթիկների, գրանցամատյանների և վերահսկիչ թերթերի դիտավորյալ կեղծում։

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ մինչև երկու տարի ժամկետով։