Ախալքալաքի փողոցների կոյուղիների դիտահորերը կափարիչներ չունեն, ինչը վտանգավոր է անցորդների ու վարորդների համար: Դրանցից մի քանիսն արդեն ծածկվել են կափարիչներով, իսկ մնացածները սպասում են իրենց հերթին:

Ախալքալաք քաղաքի կոյուղու դիտահորերը բաց են, դրանցից տարածվող կոյուղու գարշահոտությունը որոշ փողոցների առանձին հատվածներում անհնարին է դարձնում քայլելը: Բացի այդ, քարերով, երկաթե տարբեր իրերի մնացորդներով ծածկված դիտահորերի մի մասը դարանակալած սպասում են վտանգներից անտեղյակ անցորդներին ու վարորդներին: Տեղի բնակիչները տեղյակ են բաց դիտահորերի մասին, այն սպառնալիք է անծանոթների և երեխաների համար: Հատկապես երեկոյան ժամերին, երբ երեխաները անզուսպ ցանկությամբ հեծանիվ են քշում:

bac ditahor

Այս օրերին Ձնելաձե և Մաշտոցի փողոցներում դիտահորերի կափարիչները արդեն տեղադրված է, սակայն խնդիրն այն է, որ դրանք ճանապարհի մակարդակից բավականին բարձր է դրված։

«Կափարիչները մենք ենք տեղադրում, բայց ճանապահի մակարդակին պետք է հավասարեցնի ասֆալտապատող կազմակերպությունը։ Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք բոլոր դիտահորերն ենք փակելու, ապա ասեմ՝ ոչ։ Կափարիչներ դնում ենք այն դիտահորերի վրա, որոնք երբեք ծածկված չեն եղել, կամ էլ եթե ծածկված են եղել, ապա թիթեղներով ու այլ առարկաներով։ Իսկ այն դիտահորերը որոնք կափարիչ ունեցել են, սակայն ասֆալտապատման ընթացքում կոտրվել է և հիմա կափարիչ չունեն, դրանք մենք չենք փակելու»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Վարդ Մոսոյանը։

Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տեղեկատվության համաձայն Ախալքալաքում մոտավոր 20 բաց դիտահոր կա: Դրանցից 8 դիտահորերի կափարիչներն արդեն տեղադրվում են, և ևս 6-7 կափարիչ էլ առաջիկայում կտեղադրվի:

Իսկ, ինչ վերաբերում է դիտահորերը ճանապարհի մակարդակին հավասարեցնելուն, ապա դա իրականացվելու է, այս մասին մեզ հետ զրույցում վստահեցրեց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

koyuxi2

Ջուլիետա Տոնականյան