Ինչպիսին է Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և նրանց ներկայացուցիչների տեսլականը երիտասարդների գործազրկության հարցի վերաբերյալ, ինչ են նրանք առաջարկում այդ հարցը լուծելու համար:
Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն և 3 դաշինք: «Գիորգի Վաշաձե-միասնական նոր Վրաստան», «Միասնական ազգային շարժում» և «Շալվա Նատելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» կուսակցությունների ներկայացուցիչներին Ախալքալաքում չկարողացանք գտնել:
Մնացած դաշինքների և կուսակցությունների ներկայացուցիչները պատասխանեցին մեր հարցերին:
«Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը նշում է, որ 34 թեկնածուներից 25-ը՝ 25-35 տարեկան երիտասարդներ են: Նա նշում է, որ կուսակցությունը մեծ ուշադրություն է դարձնում գենդերային հավասարակշռությանը, Ախալքալաքում «Եվրոպական Վրաստանից» թեկնածուների մեծամասնությունը կանայք են:
«Երիտասարդների համար մենք պայմաններ կստեղծենք ներգրավելու համար նրանց Շրջանային վարչության կառավարմանը: Պատրաստվում ենք պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար, ստեղծել աշխատատեղեր, զարգացման համար պայմաններ, որպեսզի մարդիկ իմանան, որ իրենց մասին հոգացող կա: Հավասարության ապահովում, որպեսզի երիտասարդ ձեռնարկատերերը մասնակցեն տենդեր-մրցույթներին, այսպիսով ներգրավելով ներդրողներին», – ասաց շտաբի ղեկավար, կուսակցության առաջնորդ և քաղաքից պատգամավորության թեկնածու Արսեն Կարապետյանը:
Ըստ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի գրասենյակի երիտասարդության հարցերով պատասխանատու Հրայր Գոգորյանի տեղական ինքնակառավարման ընտրոթյուններին իրենց թեկնածուների էական մասը երիտասարդներ են` 30-35 տարեկան:
«Մեր կուսակցությունը ողջունում է կադրերին, ովքեր նոր են ավարտել ԲՈՒՀ-երը: Կան երիտասարդներ, ովքեր արդեն հաշվի են առնվել, պատրաստի կադրեր, ովքեր աշխատելու են իրենց մասնագիտությամբ: Աշխատատեղեր ստեղծելը այդքան էլ հեշտ բան չէ: Բայց բիզնեսում և գյուղատնտեսության մեջ, այն ոլորտներում, որտեղ մենք տեսնում ենք զարգացման և աճի պայմաններ աշխատատեղեր կբացվեն», – ասում է Հրայր Գոգորյանը:
Երիտասարդ թեկնածուներ ունի նաև «Դիմիտր Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան» դաշինքը:
«Բացի ինձնից բոլոր թեկնածուները երիտասարդներ են: Նրանց ընտրության հիմնական չափանիշը այն էր, որ կապված չեն ՊԱԿ-ի հետ (Պետական Անվտանգության Ծառայություն), չլինեն հատուկ ծառայությունների գործակալներ: Կարելի է խոսել ամեն ինչ: Պետությունը գիտակցաբար չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները: Անում են երկաթուղու ներդրումային ծրագիրը, միթե չէին կարող օգտագործել տեղական բնակչության աշխատուժը: Չեն ստեղծվում աշխատատեղեր, իսկ այն աշխատանքը, որը կա հասանելի չէ տեղական բնակչության համար: Ինչու ներդրողները շահագրգռված չեն ներդրումներ կատարելու Ախալքալաքում: Քանի որ այստեղ ամեն ինչ վերահսկում է ՊԱԿ-ն», – ասում է Մելիք Ռաիսյանը Ախալքալաքի շրջանից քաղաքապետի թեկնածուն` «Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական շարժում» դաշինքից:
«Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի–Վրաստանի Հայրենասերների դաշինք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը կարծում է, որ այսօր երիտասարդության գործազրկության հարցը ցավոտ խնդիրներից մեկն է:
«Մենք պետք է ավելի շատ ներդրումներ անենք Ախալքալաքում: Գլենդելի քաղաքապետը այցելեց Ջավախք: Մենք ընդունեցինք նրանց, և խոսեցինք այս հարցի շուրջ, նա խոստացավ, որ նրանք ներդնելու են գումարներ Ախալքալաքում, որպեսզի ինչ-որ նոր բաներ բացվեն այստեղ: Կլինեն աշխատատեղեր, և առաջին հերթին պետք է աշխատանքի ընդունել երիտասարդ կադրերի: Ես խորհրդարանում բարձրացրել եմ այն հարցը, որ աշխատանքի ընդունեն ոչ թե ազգային պատկանելության սկզբունքով, այլ պրոֆեսիոնալիզմի, և չընդունել միայն բարեկամներին: Եվ իմ ծրագրում կա այս հարցը», – ասում է Սամվել Պետրոսյանը:
Քրիստինե Մարաբյան