Հոկտեմբերի 3-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ախալքալաքում էր «Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նրա ներկայացման գլխավոր թեման էր Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը և առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը:
Նինո Բուրջանաձեի կողմնակիցներն Ախալքալաքում ողջունեցին նրան ծաղիկներով, հանդիպումը կայացավ նախկին կինոթատրոնի շենքում, որն այժմ ծառայում է որպես հարսանյաց սրահ: Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով, ովքեր եկել էին լսելու Նինո Բուրջանաձեին: Ներկաների թվում կային նաև Ախալքալաքի Շրջանային ժողովի որոշ պատգամավորններ:
Նինո Բուրջանաձեն իր խոսքում հիմնական շեշտը դրեց ռուս-վրացական հարաբերություններին, նա կարևորում է լավ հարաբերություններ կառուցելը հարևանների հետ, ինչպես տարածաշրջանային մասշտաբով այնպես էլ համաշխարհային, նշելով այն սխալները, որոնց շնորհիվ, իր կարծիքով, վատթարացան հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև, ինչի արդյունքը դարձավ 2008 թ.- ի պատերազմը:
«Դա աղետ էր Վրաստանի համար, մենք այդ ժամանակ պարզապես կորցրեցինք լրացուցիչ տարածքները և ռուսական ռազմաբազաները վերադարձան Աբխազիա և Հարավային Օսիա: Իրավիճակը շատ բարդացավ: Սկսած այն պահից, երբ 2008 թ.-ին, մենք պարտվեցինք պատերազմում, ես հանդես եկա հայտարարությամբ և ասացի, որ իրավիճակն արմատապես փոխվել է: Մենք տեսանք, թե մեզ ինչ բերեց Ռուսաստանի հետ թշնամությունը: Մենք պետք է արմատապես փոխենք իրավիճակը: Մեզ պետք չի ՆԱՏՕ մտնել, և պետք է այնպես անել, որ Ռուսաստանը վստահ լինի, համոզված լինի, որ Վրաստանի կողմից նրան վտանգ չի սպառնում», – ասաց Նինո Բուրջանաձեն:
Այնուհետև Նինո Բուրջանաձեն խոսեց ոչ բլոկային կարգավիճակ հայտարարելու մտադրության մասին և կոչ արեց Ախալքալաքում հավաքել լրացուցիչ ստորագրություններ աջակցության համար: Միևնույն ժամանակ, խոստանալով հասնել Ռուսաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի:
«Առաջին հերթին, ես խոստանում եմ ձեզ, որ երբ գամ իշխանության, և իսկապես կառավարական մեխանիզմները իմ իշխանության տակ լինեն, ես կանեմ այնպես, որ մուտքի արտոնագրերի ռեժիմը Ռուսաստանի հետ չեղյալ հայտարարվի: Ես կարող եմ խոստանալ, և մեր ժողովուրդը կտեղաշարժվի բոլորովին ինքնուրույն, առանց որևէ լրացուցիչ արգելքների: Երկրորդ հարցը, թե ինչու ոչ բլոկային կարգավիճակը կլինի թթվածին տնտեսության համար, քանի որ ամբողջությամբ բաց կլինի ռուսական շուկան, դուք լավ հիշում եք, երբ ռուսական շուկան բաց էր մեր արտադրանքը ուղարկվում էր այնտեղ», – ասաց է Նինո Բուրջանաձեն:
Բացի Ռուսաստանի հետ մերձենալուց, Բուրջանաձեն խոսեց նաև Իվանիշվիլիի հայտարարության մասին, ողջ Վրաստանում 170 գործարանների հաստատման մասին, հարցնելով ներկաներից, թե արդյո՞ք կան այդպիսինները Ախալքալաքում: Բացասական պատասխան ստանալուց հետո, Բուրջանաձեն հայտարարեց, որ ինքը չի կարողացել գտնել ցանկացած ուրիշ այդպիսի ձեռնարկություններ Վրաստանում:
Նինո Բուրջանաձեն խոսեց նաև իր կուսակցության ծրագրի մասին, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում թոշակառուներին, գործազրկությանը, գյուղատնտեսությանը, վրաց լեզվի ուսումնասիրությանը, մենաշնորհների, այդ թվում` դեղամիջոցների, բենզինի գների, և այլնի մասինն:
«Օրինակ, կենսաթոշակը պետք է լինի 550 լարից ոչ պակաս, հաշվի առնելով այսօրվա գները և այսօրվա փոխարժեքը: Բացի այդ, մենք միակ կուսակցությունն ենք, որը հայտարարել է, որ կենսաթոշակը պետք է անպայման կապված լինի լարիի փոխարժեքի հետ: Այսինքն, եթե լարիի արժեքը ընկնի ու արժեզրկվի կրկին, դուք չեք ստանալու կտրոններ: Դուք պետք է ստանաք, այնքան լարի, որքան համապատասխանաբար արժի ապրելու մինիմումը: Որպեսզի մարդիկ կրկին անգամ խաբված չլինեն», – ասաց «Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդը:
Նինո Բուրջանաձեն շատ խոսեց նաև ներկայիս և նախորդ իշխանությունների մասին, պաշտոնյաների թանկարժեք մեքենաների, փողերի անհավասար բաշխման, վարկերի և այլն:
«Երբ ես խորհրդարանում էի պատերազմ չկար: Ես հեռացել եմ 2008 թ.-ի հունիսի 8-ին, 2 ամիս անց պատերազմը սկսվեց: Պատերազմ չկար, և կներեք ինձ, չկար նաև գեյ-շքերթներ: Ես հեռացա հունիսի 8-ին դրանից 8 ամիս անցկացրեցին գեյ-շքերթ: Ինչու՞, երբ ես այնտեղ էի ինձ ասացին, որ դուք պետք է ընդունեք այն փաստը, որ Վրաստանում լինելու են գեյ-շքերթներ: Ես ասացի միայն իմ դիակի վրայով: Դուք պարզապես փորձեք, քանի ես այնտեղ էի չհամարձակվեցին: 8 ամիս անց, համարձակվեցին քայլել գեյ դրոշներով Թբիլիսիում և շատ այլ բաներ», – ասաց Նինո Բուրջանաձեն:
Վերջում Նինո Բուրջանաձեն կոչ է արեց գնալ ընտրություններին: «Ես ձեզ շատ եմ խնդրում, պարզապես չծուլանաք գնալ ընտրություններին: Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր այստեղ են չեն ծուլանա, ամեն դեպքում տեղեկացրեք ձեր հարազտներին և ընկերներին, քանի որ, եթե մարդիկ չքվեարկեն, նրանց ձայները կարող են օգտագործվել այլ կուսակցությունների կողմից»:
Բուրջանաձեի կուսակցությունը չունի և չի ներկայացրել մեծամասնական պատգամավորի իր թեկնածուին Ախալքալաքում, պատճառը նա պարզաբանեց հանդիպումից հետո, մեզ հետ առանձնազրույցի ժամանակ:
«Ցավոք, այնպես ստացվեց, որ մենք խոսեցինք տեղի առաջնորդների հետ և մինչև վերջ չկարողացանք կողմնորոշվել մեծամասնական թեկնածուի հարցում: Եվ, այսպես ասենք մենք ունենք մեծ ֆինանսական խնդիրներ, ճիշտն ասած, մեծամասնական թեկնածուին անհրաժեշտ էր ֆինանսապես աջակցություն, մենք գիտենք, որ Ազգային շարժումը և Վրացական երազանքը այստեղ շատ ֆինանսական ռեսուրսներ են ծախսել, և մրցակցել նրանց հետ պարզապես շատ դժվար էր, բայց ես վստահ եմ, որ հաջորդ անգամ մենք անպայման կունենանք մեծամասնական թեկնածու», – ասաց նա:
Նինո Բուրջանաձեն հանդիպման ժամանակ հնարավորություն ընձեռեց հանդիսատեսին հարցեր տալու, այդ ժամանակ շատերը պարզապես հրաժարվեցին, բայց հետո մոտենում էին իրենց հարցերով, այդ թվում նաև այսպիսի հարցերով, ինչպիսին է` «Տիկին Նինո, դուք ծնունդով որտեղից եք»:
Քրիստինե Մարաբյան