Հոկտեմբերի 21-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին Ախալքալաքի բնակիչների մեծամասնությունը տեղյակ է, սակայն ոչ հետաքրքրված։
Ախալքալաքում անցկացրած նախընտրական հարցմանը մասնակցեց 20 հարցվող, որոնցից միայն երկուսը չգիտեին, որ մոտ տասն օրից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, հինգ հարցվող բացի տեղեկացված լինելուց նաև հետաքրքրված էին, իսկ մյուս 13 հարցվողները տեղյակ էին, սակայն անտարբեր ընտրությունների վերաբերյալ։
Ստորև ներկայացնում ենք հարցումից չհրաժարվող մարդկանց որոշ պատասխանները։
«Այո, տեղյակ եմ, բայց հետաքրքրված չեմ։ Ուղղակի գիտեմ, որ ընտրություններ են լինելու, ում որ ընտրելու եմ կգնամ, կնտրեմ ու վերջ», – ասաց Անտոնյան Էվելինան
«Մանրամասներին տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ այս ամիս է ընտրությունները», – ասաց տղամարդ հարցվողը, ով չցանկացավ ներկայանալ։
«Իհարկե տեղյակ եմ, ու ոչ միայն տեղյակ եմ, այլև հետաքրքրված», – ասաց Արևյան Ռոբերտը:
«Ես գիտեմ, որ ընտրություններ են լինելու, վերջերս էլ մարդահամար էին անցկացնում, բայց ուրիշ բան չգիտեմ», – ասաց Գրիգորյան Լիզան:
«Չէ ես չգիտեմ, այստեղ չէի, նոր եմ եկել», – ասաց հարցվողը, ով չցանկացավ ներկայանալ։
«Հա գիտեմ, որ շուտով ընտրություներ են, այնքանով եմ հետաքրքրված, որ հանգիստ անցկացվի», – ասաց Ուզունյան Թամարան:
«Առանձնապես հետաքրքրվելու բան էլ չկա, միամիտ պիտի լինես, որ հետաքրքրվես», – ասաց մի մարդ, ով չցանկացավ ներկայանալ:
«Ոչ դուրս եմ ելնում, ոչ էլ ներս, այնքան, որ իմացել եմ ընտրություն կա, իսկ թե ով է թեկնածուն, չգիտեմ», – ասաց Օլավերդ գյուղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ։
«Հետաքրքրված էլ եմ, ուզում էլ եմ մասնակցել, բայց չեն թողնում, ամեն տարի նույն մարդիկ են, իրենք իրենց խումբն ունեն, նստում աշխատում են, ինձ էլ գալիս ստիպում են, որ սրան կամ նրան ձայնս տամ։ Բայց ես ասել եմ, որ իրենց ասած թեկնածուին չեմ ընտրելու, ու իմ փոխարեն էլ ոչ ոք ընտրելու իրավունք չունի», – ասաց Օլավերդ գյուղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ։
Հարցերից բացարձակ խուսափեց չորս հարցվող՝ առանց պատճառաբանության։
Ջուլիետա Տոնականյան