Կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին՝ արդեն հաջորդ շաբաթվանից, Վրաստանում հնարավոր է սահմանափակվի խոշոր առևտրի կենտրոնների և հասարակական տրանսպորտի աշխատանքը: Այս տեղեկությունն այսօր հաստատել է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը՝ «Պալիտրանյուս» հեռուստաալիքի եթերում:
Վերջինիս խոսքով՝ սահմանափակումների նոր փաթեթը քննարկվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը: Այդ ժամանակ էլ, Նախարարների կաբինետի տնտեսական բաժնին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ կապված միջոցառումների ներդրման հետ:
Կուլումբեգովը չի հստակեցրել՝ խոսքը հասարակական տրանսպորտի ամբողջական դադարեցման և առևտրի կենտրոնների ամբողջական փակման մասին է, թե՞ դրանց նոր աշխատառեժիմի մասին:
«Ինչպիսին կլինի փաթեթը, ստույգ տեղեկատվությունը չի բարձրաձայնվել», – ասում է նա:
Ըստ նրա՝ բժիշկները իշխանություններին խորհուրդ են տվել հնարավորինս արագ սկսել նոր սահմանափակումների կիրառումը և «շատ ժամանակ չկորցնել»: Նա նշել է, որ համավարակը «քաղաքական գործընթացի պատանդն է» հանդիսանում:
«Այսօր կամ վաղը այս որոշումը, միևնույն է, հարկ կլինի կայացնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա մի փոքր շունչ քաշել: Սա շատ կարևոր է», – հայտնել է իմունոլոգը:
Մասնագետը համարում է, որ պաշտոնական վիճակագրությունը խիստ նվազած է և չի արտացոլում հիվանդության տարածման իրական պատկերը: Կուլումբեգովը պարզաբանել է, որ, որպես կանոն, ընտանիքի միայն մեկ անդամ է հանձնում կորոնավիրուսի PCR թեստը: Հարազատները, որոնց հետ հիվանդը շփվել է, անցնում են ինքնամեկուսացման՝ առանց թեստ հանձնելու: Դրանից ելնելով՝ իմունոլոգը կարծում է, որ դեպքերի թվի օրական աճը 2-3 անգամ գերազանցում է պաշտոնական թվերը:
«Պետք է ենթադրել, որ ընտանիքում բոլորը հիվանդ են, այսինքն՝ մենք օրական ունենք 8-9 հազար հիվանդ», – ասել է Կուլումբեգովը:
Սեպտեմբերից երկրում սկսվել է գրանցվել դեպքերի լուրջ աճ: Այդ ժամանակվանից ի վեր, կառավարությունը հաստատել է սահմանափակումների մի քանի փաթեթներ, որոնք պետք է դադարեցնեն տարածումը:
Ներկայումս Վրաստանում փակ են մանկապարտեզները, իսկ դպրոցականներն ու ուսանողները հեռավար ռեժիմով են սովորում: Երկրում արգելվում է ցանկացած տոնակատարություն անցկացնել, մեծ թվով հյուրերի ներկայությամբ հավաքույթներ՝ հարսանիքներ, հոգեհացեր, հոբելյաններ և այլն, ինչպես նաև ցանկացած մշակութային և մարզական միջոցառում ավելի քան 200 մարդու մասնակցությամբ:
Վրաստանի ողջ տարածքում ռեստորաններին ու զվարճանքի կենտորններին արգելվում է աշխատել գիշերվա ժամերին` ժամը 22:00-ից հետո: Փակ են խաղատները, կինոթատրոնները և թատրոնները:
Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Փոթիում և Գորիում, մեքենաների և հետիոտների տեղաշարժը 22:00-ից մինչև 05:00-ն արգելվում է: Այս քաղաքներում արգելվում է հասարակական տրանսպորտում ուղևորների տեղափոխումը կանգնած վիճակում: Միևնույն ժամանակ, դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ տարածքներում, այնպես էլ փողոցում:
Փետրվարի վերջից մինչ օրս Վրաստանում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 96 860 դեպք: Բուժվածների ընդհանուր թիվը 77 932 է, Covid-19-ի ախտորոշմամբ մահվան ելքերի թիվը կազմում է 894:
Այս պահի դրությամբ, շարունակում է մնալ ակտիվ COVID-19 վարակի 18 008 դեպք: Դրանցից 838 հիվանդի վիճակը ծանր է: 410 մարդ միացված է շնչառական սարքին: