Վրացական արտադրության բժշկական պարագաները կվաճառվեն Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Լիտվայում և Լեհաստանում։ Այդ մասին տեղեկություն է տարածում «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը։
«Արտադրի՛ր Վրաստանում» գործակալության շահառու «Doctor goods»-ը բժշկական նյութերի վրացական առաջին ձեռնարկությունն է, որը նոյեմբերի 15-18-ը սեփական ստենդով ներկայացվել է «Medica Düsseldorf»-ում բժշկական նյութերի և սարքավորումների աշխարհի ամենամեծ ցուցահանդեսում։
Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը հանդիպել է ավելի քան 150 միջազգային բաշխիչ ընկերությունների հետ։ Արդյունքում բաշխման պայմանագրեր են կնքվել Լեհաստանի, Լիտվայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Հունաստանի խոշորագույն ներկրողների հետ։
«Doctor goods»-ը ստեղծվել է 2019 թվականին, իսկ 2021 թվականին գործակալության վարկային-երաշխիքային մեխանիզմի շրջանակներում, որը նախատեսում է վարկի ապահովում, զգալիորեն ընդլայնվել է։ Ընկերությունն ունի ամենաբարձր որակի ստանդարտ ISO 13 485 սերտիֆիկացում և CE մակնշում, որն անհրաժեշտ է ԵՄ շուկա մուտք գործելու համար: