Նախկին №1 զինվորական քաղաքը և «Ջիվանու» շրջանը քաղաքի հետ կապող փայտե կամրջի վրա երեկվանից առաջացել է մեծ անցք, որն սպառնալիք է հանդիսանում մարդկանց անվտանգ տեղաշարժմանը:

Անցքը քաղաքի կողմից է, միջին կազմվածք ունեցող մարդու չափի, բայց կամրջի վրա կան նաև մի քանի փտած տախտակներ, որոնք, եթե թեթև սեղմվեն, կարող են նման անցքեր դառնալ: Կամրջի բարձրությունը 30-40 մետր է:

Ցերեկվա ժամերին մարդիկ կարող են տեսնել անցքը և շրջանցել այն, բայց գիշերային աղոտ լուսավորության ժամանակ չիմացող անձի համար սա կյանքի իրական վտանգ է:

Ախալքալաքի Շրջանային վարչությունում այդ մասին չգիտեին: Շրջանային վարչության մասնագետ Արմեն Խաչատրյանի խոսքերով, նա այսօր նամակ կգրի նախագահին:

«Նա հրահանգ կտա ենթակառուցվածքային բաժնին և այսօր մենք կվերանորոգենք կամուրջը», – ասաց Արմեն Խաչատրյանը:

Կամրջի վթարային վիճակի մասին jnews.ge գրել է, սակայն Շրջանի ղեկավարությունից որևէ արձագանք չի եղել: Այդ ժամանակ մեզ պատասխանեցին, որ բնակիչները պետք է դիմում գրեն և հետո կորոշեն վերանորոգել կամուրջը, թե՝ ոչ:

Մինչև կլուծվի կամրջի վրա կյանքի սպառնալիքի վերացման խնդիրը, մնում է հուսալ, որ մինչ այդ դժբախտ պատահար տեղի չի ունենա:

Շուշան Շիրինյան