Երկու տարի ուշացումով «Ալմալի» ոռոգման գիծը աշխատեց, բայց բնակիչները բողոքում են, որ ջուրը կրկին չի բավարարում:
Արդեն 10 օր է ինչ «Ալմալի» ոռոգման գիծը, որը պետք է գործեր 2015 թ.-ից, և ջրով ապահովեր 9 գյուղերի կարտոֆիլագործներին, սկսեց աշխատել: Բնակիչները գոհ են, որ ի վերջո, կարող են օգտվել ոռոգման գծից, բայց միևնույն ժամանակ, բողոքում են, որ ջուրը չի բավականացնում, պահանջարկը բարձր է:
Չամդուրա գյուղի բնակչուհին, ով հրաժարվեց նշել իր անունը, ասում է, որ համակարգը աշխատեց շատ ուշ:
«Մինչև չփչացրեցին դաշտերը, չմիացրեցին: Արդեն 10 օր է միացրել են և ջրում ենք դաշտերը»:
Վրաստանի միացյալ ոռոգման համակարգերի ընկերության Սամցխե-Ջավախքի սպասարկման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեն, ասում է, որ սխալը շտկվել է, և համակարգը աշխատում է, սակայն սկզբից աշխատում էին երկու շարժիչներ, բայց այժմ միացրել են նաև երրորդը, որը կբարձրացնի ջրանցքներում ջրի քանակը:
Ստեփան Սնխչյանը 2 հա ցանքատարածություն ունի, որը ենթակա է ոռոգման: Նա անցյալ տարի ոռոգում էր պոմպային համակարգով և գոհ էր:
«Ջուրը շատ չէ, բայց երկու օր է ջրում ենք: Նախքան այդ մուրջախեթցիներն էին ջրում: Գինը նույնն է, ինչպես պոմպով: Իմ դաշտերի մի մասը, որտեղ ջուրը չի հասնում ես նորից ջրեցի պոմպային համակարգով», – ասում է Ստեփան Սնխչյանը:
Իսկ ոռոգելու համար դաշտը «Ալմալի» ոռոգման գծի միջոցով կարտոֆիլագործները 1 հա հողատարածքը մեկ անգամ ջրելու համար ծախսում են 180-200 լարիի:
Շուշան Շիրինյան