Վրաստանի Կրթության և գիտության Նախարարությունը սկսել է համակարգիչների բաժանումը Սամցխե-Ջավախքի առաջին դասարանցիներին:
Հուլիսի 22-ին Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները Ջավախք բերեցին առաջին դասարանցիների համար նախատեսված նոթբուքները:
Ախալքալաքի շրջանում, 2017-2018 թթ. ուսումնական տարում 614 առաջին դասարանցիներ կստանան նոր Acer նոթբուքներ, իսկ Նինոծմինդայի շրջանում՝ 351 առաջին դասարանցիներ: Ջավախքից հենց այսքան մարդ է գրանցվել Վրաստանի Կրթության և գիտության Նախարարության բազայում: Նոթբուքների գինը 371 լարի է:
«Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, ըստ որի բոլոր առաջին դասարանցիներին բաժանվում են համակարգիչներ, սկսվել է 2011 թ.-ին:
Ըստ Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի, դպրոցներին նոթբուքերի բաժանումը կիրականացվի մինչ ուսումնական տարվա սկիզբ:
Այս տարի աննշան, սակայն նվազել է Ախալքալաքի շրջանի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել 674 երեխա:
Ըստ Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի աշխատակից Թամունա Մինդիաշվիլիի, նրանք արդեն ավարտել են համակարգիչների բաժանումը Կախեթում, Քվեմո-Քարթլիում, Շիդա-Քարթլիում և կավարտեն Սամցխե-Ջավախքում:
Բորժոմի շրջանում այս տարի համակարգիչներ կստանան 337 առաջին դասարանցիներ, Ախալցխայում՝ 596, Ադիգենում՝ 194 և Ասպինձայում՝ 166:
Վրաստանում այս տարի գրանցվել է 50 341 առաջին դասարանցի:
Շուշան Շիրինյան