Խուլգումո գյուղի 77-ամյա բնակիչ Ելենա Զանդարյանը դատի է տվել «Կրեդո» միկրոֆինանսական կազմակերպությանը, քանի որ վարկը չվճարելու պատճառով ընկերությունը ստիպում է լքել տունը:
Ելենա Զանդարյանը 2015 թ.-ին, իր տունը դնելով գրավի տակ, վերցրել է 17 000 $ վարկ «Կրեդո» միկրոֆինանսական կազմակերպությունից: Վարկի չվճարման պատճառով, հունիսի 30-ին, «Կրեդոն» պահանջեց Ելենա Զանդարյանից 10 օրվա ընթացքում ազատել տունը: Որից հետո նա հայց է ներկայացրել դատարան ինչ-որ լուծում գտնելու հույսով, որ չկորցնի տունը:
Տվյալ գործի նախնական դատական նիստը տեղի ունեցավ հուլիսի 17-ին: Դատավոր Անահիտ Հովհաննիսյանը հետաձգեց դատական նիստը մինչ հուլիսի 31-ը ու առաջարկեց կողմերին գալ համաձայնության, գտնել վճարման հնարավոր պայմաններ և հաշտվել:
«Կրեդո» բանկի ներկայացուցիչը դատավարության ընթացքում ասաց, որ իրենց նպատակը հաճախորդից տունը վերցնելը չէ, կամ նրան քշելը այդտեղից: Նրանք պարզապես ցանկանում են, որ պարտքով վերցրած գումարը տոկոսներով վերադարձնեն բանկին:
Ելենա Զանդարյանի խոսքով նրանք վճարել են 13 000 դոլար, և խնդրում են կամ ժամանակավոր կանգնցնեն վճարումը կամ երկարացնեն վճարման ժամկետը: Հաճախորդը պատրաստ է վճարել ամբողջ գումարը երկու տարվա ընթացքում:
«Մեզ մնացել է վճարել 4000, բայց պահանջում են 13 000, տոկոսներով: 1.5 տարի մենք պարբերաբար վճարում էինք, բայց հետո դոլարը թանկացավ, ամուսինս հիվանդացավ և մահացավ, այդ պատճառով ի վիճակի չէինք վճարել: Մենք վերցրեցինք վարկ մեր որդու համար, և գրավ դրեցինք մեր տունը: Որդիս մեքենա գնեց, ապա ջարդվեց այն վթարի հետևանքով: Դժբախտություն դժբախտության հետևից գալիս էին մեզ: Ինչ անենք, եթե մենք հիմա չունենք հնարավորություն վճարելու: Մենք չենք հրաժարվում: Պարզապես առաջարկում ենք երկարացնել ժամկետը, լրիվ կվճարենք », – ասում է Ելենա Զանդարյանը:
Նրա խոսքերով, որդին և թոռը մեկնել են Ռուսաստան աշխատելու: Բանկի իրավաբանը սկզբից համաձայնել է հետաձգել, նույնիսկ հաշվել է, թե ամեն ամիս որքան պետք է վճարեն, որպեսզի երկու տարվա ընթացքում փակեն, բայց հետո հրաժարվել է:
Ելենա Զանդարյանը ասում է, որ դեկտեմբերին, նրանք կկարողանան վճարել մոտավորապես 3000 $, իսկ հետո կվճարեն մնացածը:
Ինչ համաձայնության կգան կողմերը, արդյոք կդառնա 17 000 դոլարի վարկը տան կորստի պատճառ, պարզ կլինի մոտ ապագայում:
Շուշան Շիրինյան