Մարտի 24-ին ջրհեղեղից տուժած երեք գյուղի բնակիչներ, որտեղ ոչ միայն վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները, այլև բնակիչների տներն ու նկուղները, դիմել են Ախալքալաքի քաղաքապետարան՝ ջրհեղեղի վնասը փոխհատուցելու համար:
Բոզալի, Դադեշ և Վաչիան գյուղերն օգնության խնդրանքով դիմել են Ախալքալաքի քաղաքապետարան: Սաստիկ ջրհեղեղ է եղել նաև Կումուրդո (Գումբուրդո) և Սուլդա գյուղերում, բայց Կումուրդոում (Գումբուրդո) ջուրը չի ներհոսել տներ, սակայն վնասել է ճանապարհային ենթակառուցվածքը: Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի՝ քաղաքապետարանը յուրաքանչյուր դիմում քննարկում է առանձին: Սկզբում քաղաքապետարանը կքննարկի արձանագրությունները, ապա կորոշի վնասի չափը և, դրան համապատասխան, օգնություն կցուցաբերի գյուղերի տուժած բնակիչներին:
Բոզալի գյուղի հեղեղված տներն օգնության են սպասում
Ձնհալի ջուրը հոսում է Վաչիան գյուղով
Գարունն Ախալքալաքում սկսվեց ձյունառատ եղանակով, իսկ մարտի 24-ի գիշերվա տեղատարափը որոշ գյուղերում դարձավ ջրհեղեղի պատճառ, այդ թվում՝ Ախալքալաքի շրջանի Բոզալի գյուղում: Ախալքալաքում ձնհալի շրջանն է: Գրեթե ամեն օր թաց ձյուն է տեղում, իսկ երկու օր առաջ Դադեշում, Վաչիանում և Բոզալիում երեկոյան տեղացած ուժեղ անձրևը՝ ջուրն ու ցեխը հավաքելով հեղեղել էր մի քանի տներ, որոնք գտնվում են ավելի ցածրադիր տեղանքում: Տեղական իշխանությունները հայտնել էին, որ տուժածները օգնություն կստանան մունիցիպալիտետի պահուստային ֆոնդից: