Այսօր ճանաչողական այցով Ախալքալաքում էին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը և գեներալ Արշալույս Փայտյանը, ովքեր եղան Ախալքալաքի հայկական ու վրացական եկեղեցիներում, այցելեցին Ջիվանու տուն թանգարան և այլ վայրեր:

Հյուրերին առաջինը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դարպասների մոտ աղ ու հացով դիմավորեցին Վաչիան պարային համույթի սաները: Այնուհետև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի գլխավորությամբ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, ծանոթացան եկեղեցու բակի շինարարական աշխատանքներին, որից հետո արդեն եկեղեցում միասնական աղոթք բարձրացրին առ Աստված:
caxikner

Ջավախքի հոգևոր առաջնորդը մանրամասն ներկայացրեց Սուրբ Խաչ եկեղեցու պատմությունը մինչև մեր օրերը և սրբապատկերներ նվիրեց:

Այնուհետև պաշտոնյաները եղան նաև Ախալքալաքի Վրաց եկեղեցում, ինչպես նաև ծաղիկներ խոնարհեցին Ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին:

3

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի խոսքերով՝ այցը զուտ ճանաչողական բնույթ էր կրում և նպատակն էր ծանոթանալ համայնքի խնդիրներին:

«Ախալցխայի դեպքում ծանոթանալ տեղի իշխանությունների հետ, հասկանալ թե իրենք ինչ խնդիրներ ունեն, ինչ հարաբերություններ գոյություն ունի իշխանության և համայնքի միջև, և դրանում ինչ դեր հնարավոր է ունենա Հարավային Կալիֆորնիայի համայնքը: Ախալցխան մի քիչ տարբեր է Ախալքալաքից, այստեղ շատ ավելի կոմպակտ են ապրում, մթնոլորտն այլ է: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Ախալցխայի հայերն ավելի են ինտեգրված վրաց հասարակությանը»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Ըստ նրա խնդիրները ինչպես ամենուր սոցիալական բնույթի են, ճիշտ է կան որոշակի լուրջ խնդիրներ կապված դպրոցական կրթության հետ, սակայն ամենացավալին դա արտահոսքի՝ օր-օրի աճող թվերն է:

«Որոշ ուսուցիչներ բողոքեցին, որ հայոց լեզվի դասաժամերն են քիչ և այլն, բայց այդ մասին ես նախօրոք էլ տեղյակ էի: Բայց ամենավատ բանին, որ ականատես եղա, դա հայերի արտահոսքն է: Որոշ թվեր ներկայացրերցին, որ իրոք ահագնացող է, մի դպրոցում 80-ականներին սովորել է 1200 աշակերտ, հիմա նույն դպրոցում միայն 100: Սա է ամենամտահոգիչը», – նշեց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը:

Jnews-ի հարցին, թե ինչպիսին է տպավորությունը, ինչքանով համընկավ նախնական պատկերացումները Ջավախքի մասին իրական այցի շրջանակներում, Զարեհ Սինանյանն անկեղծացավ.

«Այցելության սկզբնական գաղափարը եղել է հենց Ախալցխա գնալը, բայց թե ինչպես կարող ես առանց Ախալքալաքում լինելու վերադառնալ, 4-5 ժամ Ախալքալաքում լինելով իրականում չես հասցնում ծանոթանալ իրական կյանքին: Համեմատած Ախալցխայի հետ Ախալքալաքում ճանապարհների վիճակը մտահոգիչ է, մանավանդ Հայաստանից Ախալքալաք ճանապարհը շատ բացիթողի վիճակում է գտնվում: Ես կուզենայի, որ Սփյուռքը, ինչպես վերաբերվում է Հայաստանին ու Արցախին, նույն ձևի էլ Ջավախքին սրտացավ մոտեցում ցուցաբերի: Ես դեռ չգիտեմ կոնկրետ մենք ինչ կարող ենք անել, բայց կաշխատենք անպայման», – ասաց Զարեհ Սինանյանը:

Օրվա ավարտին հյուրերը կլինեն նաև Ջիվանու անվան տուն թանգարանում:

Աղունիկ Այվազյան